ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. անկման ահազանգ չկա ոչ միայն «Լուսակերտի», այլ նաև մյուս թռչնաֆաբրիկաներից կամ մենատնտեսություններից:
«Առավոտ» օրաթերթը նոյեմբերի 17-ին գրառում էր հրապարակել, թե հանրապետությունում թռչունների անկման խոշոր դեպք է գրանցվել:
Ինչպես հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, գերատեսչության մասնագետները նույն օրն առավոտյան այցելել են թռչնաֆաբրիկա՝ իրավիճակը պարզելու նպատակով: Չնայած, որ հոդվածի հեղինակի բնորոշմամբ, «զանգվածային անկում» կամ «թռչունների ողջ գլխաքանակի անկում էր գրանցվել», պատկերը բոլորովին այլ է եղել:
««Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի թռչնանոցներից մեկում հոկտեմբեր ամսվա 25 օրերի ընթացքում 36480 թռչուններից անկել են 1869-ը (վերջին անկումը եղել է հոկտեմբերի 31-ին), ինչը շատ ցածր ցուցանիշ է և բնական երևույթ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Թռչնաֆաբրիկայի տնօրենը ՍԱՊԾ մասնագետներին տեղեկացրել է, որ նշված ժամանակաշրջանում ժամանակացույցով նախատեսված անասնաբուժական–համաճարակաբանական միջոցառումներ, մասնավորապես, պատվաստումներ են իրականացվել, որից հետո որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա:
Տնտեսավարողը սեփական նախաձեռնությամբ անկած թռչնի նմուշն ուղարկել է լաբորատոր հետազոտության. արդյունքում, վարակիչ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել: Ավելին՝ անկման դեպքերը նվազել են, ավելի ուշ՝ դադարել:
«Հրապարակման մեջ տեղ գտած՝ ձվի հնարավոր վտանգավորության խնդրին ընդհանրապես չարժե անդրադառնալ, քանի որ անկած թռչունները եղել են 5 ամսական (թռչունն ածու է համարվում՝ սկսած 180 օրականից)», - նշվում է հաղորդագրության մասին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում