ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի` արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։
Ինչպես հայտնում է
«ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը, վարկանիշային կանխատեսումը մնացել է անփոփոխ` «Կայուն», նշվում է գործակալության պաշտոնական կայքում։
«Միաժամանակ, Fitch–ը հաստատել է երկրի` արտարժութային գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշերը «B+» մակարդակում։ Երկրների թվում շեմի վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում, իսկ կարճաժամկետ ԷԴՎ–ն ազգային արժույթով և արտարժույթով` «B» մակարդակում»,– նշվում է հաղորդման մեջ։
Հայաստանի վարկանիշը պայմանավորված է բնակչության շնչին բաժին ընկած բարձր եկամտով և համեմատաբար համադրելի էմիտենտների կառավարման ցուցանիշներով, վճարային հաշվեկշռի բացասական սալդոյի նվազմամբ, հուսալի դրամային քաղաքականությամբ և պետական պարտքի բերանպաստ կառուցվածքով։
Վարկանիշերը զսպվում են զուտ արտաքին բարձր պարտքի, պետբյուջեի պակասուրդի բարձր մակարդակի պատճառով, որը հանգեցնում է պետական պարտքի բեռան աճի, արտաքին ցնցումների հակվածության, դոլարայնացված բանկային հատվածի և հարևան որոշ երկրների հետ լարված հարաբերությունների։
Fitch–ը նշում է, որ Հայաստանը շարունակում է վերականգնվել 2014-15 թվականների արտաքին շոկերից, մասնավորապես, հումքային ապրանքների գների անկումից և Ռուսաստանից դրամական փոխանցումներից հետո։ 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ–ն 6.5–տոկոսանոց կտրուկ աճ է գրանցել 2016 թվականին 0.2–տոկոսանոց դանդաղումից հետո։
Fitch–ը վերանայել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2017 թվականին մինչև 3.4 տոկոս` պետծախսերի ավելացման և արտահանման` սպասվածից ավելի արագ աճի շնորհիվ։ -0-