ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեքշաբթի հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հանձնաժողովին է դիմել «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ Philip Morris ընկերության պատճառով ՌԴ տարածքում հանդիպել է իրացման խոչընդոտների:
Խնդիրն այն է, որ Philip Morris–ը դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանդ Տոբակոյի», այն հիմքով, իբր վերջինս արտադրում է իր «Մալբոռո» ապրանքանիշին շփոթության աստիճան նման «Արարատ» անվանումով սիգարետները:
«ՀՀ մրցակցային մարմինը ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ Philip Morris–ը Մոսկվայում մի շարք խոշոր խանութների հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի վերջիններս իրացնեն միայն իր արտադրանքը և դադարեցնեն համագործակցել «Գրանդ Տոբակոյի» հետ՝ հանելով վերջիններիս արտադրանքը շրջանառությունից», – նշվում է կարգավորիչի հայտարարության մեջ։
Հանձնաժողովը գտնում է, որ երկու տեսակի արտադրանքների միջև շփոթության աստիճանի նմանություն առկա չէ, հետևապես ընկերությունը որևէ օրենսդրական նորմ չի խախտել:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն խնդիրը ներկայացրել է նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայությանը, որը ևս պաշտպանում է ՏՄՊՊՀ տեսակետը՝ գտնելով, որ Philip Morris–ը իրավասու չէ նման գործունեություն իրականացնելու:
«Ըստ հանձնաժողովի, Philip Morris–ը դրսևորել է նաև հնարավոր հակամրցակցային գործունեություն, քանի որ ՌԴ տարածքում գործող խոշոր խանութների հետ կնքել է պայմանգրեր՝ այլ արտադրողի, տվյալ պարագայում «Գրանդ Տոբակոյի» արտադրանքի իրացմանը խոչընդոտելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին, Հայաստանի և Ռուսաստանի մրցակցային մարմինները համատեղ հանդես են գալիս Մոսկվայի արբիտրաժային դատարանում՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ընդդեմ Philip Morris ընկերության գործողությունների:
«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Նա նաև հայտնել է, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և երկկողմանիորեն՝ թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե տեղի գործարարների համար դրսում, պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում