ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանից Հայաստան 2016 թ.–ի առաջին եռամսյակում իրականացված դրամական փոխանցումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 8,1 տոկոսով` հասնելով 136,9 մլն դոլարի, իսկ հանրապետությունից Ռուսաստան փոխանցվել է 86,4 մլն դոլար (43,7 տոկոսի աճ)։
ՀՀ ԿԲ–ի տվյալներով` Ռուսաստանից Հայաստան փոխանցված միջոցների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 92,6 մլն դոլար` կրճատվելով 13,2 տոկոսով։
Միաժամանակ Ռուսաստանից կատարված փոխանցումները միայն մարտին կազմել են մոտ 59,3 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 1,3 տոկոսով և կրճատվելով 2,8 տոկոսով` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Չնայած Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումների զգալի կրճատմանը, նրանց մասնաբաժինը հանրապետություն իրականացված փոխանցումների համախառն ծավալում գերակշռում է այլ երկրների շրջանում։ Հայաստան փոխանցվող դրամական միջոցների համախառն ծավալի մոտ 50,1 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին: Ընդ որում, նախորդ տարիներին ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմում էր 70-80 տոկոս:
Հայաստան իրականացված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար։ Մասնավոր փոխանցումների կրճատումը հիմնականում պայամանավորված է ռուբլու հսկայական արժեզրկման հետևանքով ռուսական դրամական փոխացումների նվազմամբ։ Ռուսաստանից հանրապետություն իրականացված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 36,1 տոկոսով` կազմելով մոտ 915,9 մլն դոլար։
Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2016 թ.–ի առաջին եռամսյակում իրականացված դրամական փոխանցումները, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 0,14 տոկոսով` կազմելով 273,2 մլն դոլար։ –0–