ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները, հաղորդում է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, այցելել են Արարատի մարզի Արմաշ համայնք, որտեղ նկատվում են ծիրանի այգիների տեղային չորացումներ: Ավելի վաղ, համայնքից այգիները չորանալու մասին ահազանգ էր ստացվել:
Այցերի ընթացքում կատարվել է ծառերի զննում, այգու բուսասանիտարական իրավիճակի գնահատում: Ծառերի արմատներից, արմատամերձ հողից և ճյուղերից վերցվել են նմուշներ, որոնք լաբորատոր փորձաքննության են ուղարկվել ՍԱՊԾ բուսասանիտարական լաբորատորիա:
«Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում, հայտնաբերվել են շուրջ մեկ տասնյակ հիվանդություններ և վնասատուներ, որոնք թեև չեն համարվում կարանտին օրգանիզմներ, սակայն, բույսերի պաշտպանության միջոցառումները ոչ պատշաճ կատարելու դեպքում, մեծ վնաս են հասցնում ծառին` ընդհուպ մինչև չորացում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ճշտվել է նաև, որ Արմաշ համայնքում այգիների խնամքը, ոռոգումը և պարարտացումը պատշաճ չի իրականացվում: «Մասնագետները հողատերերին ներկայացրել են մանրակրկիտ խորհրդատվություն այն բոլոր միջոցառումների մասին, որոնք պետք է կատարվեն վեգետացիայի ամբողջ ընթացքում», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-