ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում են մեկ տարով հետաձգել օրենքի պարտադիր ներդրումը` մինչև 2018 թ.-ի հուլիսի 1-ը:
«ԱՌԿԱ» գործակալության հաղորդմամբ` օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 94 պատգամավոր, ութը ձեռնպահ են մնացել, ոչ ոք դեմ չի քվեարկել:
Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, փոփոխությունները կապված են խորհրդարանում քննարկվող Հարկային նոր օրենսգրքի նախագծի հետ, որը լայնածավալ փոփոխություններ է նախատեսում ոչ միայն հարկային քաղաքականության մոտեցումների, այլ նաև դրա իրականացման մեխանիզմների մեջ:
Նա նշել է, որ Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թ.-ից, և այս կապակցությամբ նախատեսվում է 2018 թ.-ի առաջին եռամսյակում ներդնել միասնական էլեկտրոնային հարկային համակարգ:
«Հաշվի առնելով, որ փոփոխությունները նախատեսում են հարկային համակարգը ամբողջականապես համապատասխանեցնել գործող էլեկտրոնային հարկային համակարգի հետ, որոշվել է հետաձգել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետը` ավելի սահուն անցում ապահովելու և այդ համակարգը լիարժեքորեն ներդնելու համար», - ասել է Ասատրյանը:
Ընդ որում, նա նշել է, որ այսօրվա դրությամբ հաշվառման և հարկային հատկացումների համակարգերի միայն 93 տոկոսն է գործում էլեկտրոնային ձևաչափով։
Օրենքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործողությունը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1–ից 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո Սահմանադրական դատարանը սկզբում որոշում ընդունեց Սահմանադրությանը չհամապատասխանող և անվավեր ճանաչել «Կուտակային թոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ, իսկ այնուհետև 2014 թվականի հունիսի 21–ին խորհրդարանն ընդունեց օրենսդրական լրացումներ, որոնց համաձայն, 2014 թվականի հուլիսի 1–ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։–0–