ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի 2017 թ.–ի բյուջեի նախագծով ուսուցիչների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, ուրբաթ նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Նախագծում նախատեսված չեն ուսուցիչների աշխատավարձերի փոփոխություններ։ Այլ հարց է` դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ», – ընդգծեց Ջանջուղազյանը։
2017 թ.–ի պետբյուջեի նախագծի համաձայն` Հայաստանում նախատեսված չէ նաև կենսաթոշակների և նպաստների բարձրացում բյուջե լրացուցիչ մուտքերի բացակայության պատճառով։
Պետբյուջեի նախագծի համաձայն` եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 22,4 տոկոսը, ծախսերի մասը` 1 տրիլիոն 360 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 25,2 տոկոսը, պակասուրդը` ՀՆԱ–ի 2,8 տոկոսը կամ 150 մլրդ դրամ։ –0–