437.67
4.35
404.35
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մ.Ժամկոչյան. հաջողությունն ապահովված է, եթե սիրում ես այն, ինչով զբաղվում ես

11:09
27 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում վաղուց կոտրվել է այն կարծրատիպը, թե բիզնեսը զուտ տղամարդու գործ է, և կանայք այդտեղ անելիք չունեն: Վերջին տարիներին կանանց բիզնեսի մասնաբաժինը երկրում անընդհատ աճում է: Ավելի մեծ թվով կիրթ, ակտիվ, ստեղծագործ կանայք սկսում են սեփական գործը և հաջողության հասնում: Հաջող բիզնեսի իր գաղտնիքները «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է «NY Style» ԲԲԸ-ի հիմնադիր և ղեկավար, ձեռնարկատեր Մարինե Ժամկոչյանը:

Նովոստի-Արմենիա. Տիկին Ժամկոչյան, պատմեք, թե ինչով եք այսօր զբաղվում:

Մ.Ժամկոչյան. Ներկայում երկու ընկերություն ունեմ: Առաջինը զբաղվում է բիզնես խորհրդատվությամբ, իսկ երկրորդն աշխատում է զբոսաշրջության ոլորտում: Ունեմ նաև ինտերնետ խանութ, որի գործունեությունը կապված չէ նշված ընկերությունների հետ: Բացի այդ, ես Գերմանիայի էկոնոմիկայի և զարգացման նախարարության առաջատար փորձագետ եմ: Նախարարությունը Հայաստանում իրականացնում է մանագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր բիզնեսի և ուսումնական հաստատությունների գործակցության զարգացմանն ուղղված կրթական նախագիծ է իրականացնում:
Բացի այդ, այս տարի մտադիր եմ վերսկսել արտահանման-ներկրման առևտրային գործառնությունները, որոնցով մի ժամանակ զբաղվել եմ:

Նովոստի-Արմենիա. Պատմեք` ինչի՞ց ամեն ինչ սկսվեց:

Մ.Ժամկոչյան. Իմ բիզնեսի բոլոր ուղղություններն անձնական փորձիս արդյունքն են: Ես բիզնեսը սկսել եմ հեռավոր 90-ականներին` սկսելով զրոյից և ոչինչ չիմանալով: Չգիտեի, թե ինչպես են գրանցում ընկերությունը, հաշվապահություն վարում, տարածք վարձայալում և այլն: Ավելի ուշ, տիրապետելով բոլոր նրբություններին, իմանալով, թե որքան դժվար է այդ ամենը, ես մտածեցի, թե ինչու ինքս չդառնամ խորհրդատու և օգնեմ ուրիշներին իրենց բիզնեսի կայացման գործում:

Իմ առաջին ընկերության համահիմնադիրները ֆրանսիացիներ էին, ովքեր ցանկանում էին ներդրումներ կատարել Հայաստանում: Բայց նրանք չգիտեին մեր օրենսդրությունը, չգիտեին` ինչից սկսել, ինչ ընկերություն բացել, ինչպես աշխատակիցներ վարձել և այլն: Այդպես էլ մենք սկսեցինք խորհրդատվական ծառայությունների համատեղ բիզնեսը, որն աստիճանաբար զարգանում էր:

1997 թվականին, երբ արդյունաբերությունը սկսեց անկում ապրել, ես հասկացա, որ ճարտարագետ-մեխանիկի առաջին մասնագիտությունն արդեն ոչ ոքի պետք չէ, իսկ ինձ հաջող բիզնեսի համար պետք է բիզնես կրթություն ստանալ: Ես ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարան և ստացա գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան (MBA):

Այն տարիներին ևս մեկ բիզնես ունեի` գործարար մարդկանց հագուստի խանութ: Ես այն բացեցի, քանի որ Երևանում ինքս այդպիսի հագուստ չէի կարողանում գտնել և գնումներ էի կատարում արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Իմ խանութի հագուստը բերում էի Նյու Յորքից: Դա այն ժամանակ, երբ մեր խանութները լի էին թուրքական և չինական հագուստով` հուլունքներով և փայլերով, որն ընդհանուր ոչինչ չուներ գործարար մարդկանց հագուստի հետ: Բայց շատ հաճախ իմ գաղափարներն առաջ էին ընկնում ժամանակից: Մեր հասարակությունն այն տարիներին պատրաստ չէր դրանք ընկալելու, և ես ստիպված եղա փակել խանութը:

Նույնը կատարվեց նաև աութսորսինգի հետ, որի էությունն այն է, որ ամեն ընկերությունում պարտադիր չէ, որ սեփական հաշվապահ, իրավաբան կամ կադրերի մասնագետ ունենա` այդ բոլոր գործառույթները կարելի է իրականացնել մասնագիտացված ընկերությունների միջոցով` հաշվապահական, իրավաբանական, կադրային և այլն:

Երբ մենք 90-ականների կեսերին սկսեցինք առաջարկել աութսորսինգային ծառայություններ, մեզ դիմում էին միայն արտասահմանյան ընկերություններ, տեղական ընկերությունները նախընտրում էին աշխատել ավանդական համակարգով: Տխուր պատմություն ստացվեց նաև ռիելթորական ընկերության հետ: Ես այն բացեցի, որովհետև երբ ինձ բիզնեսի համար տարածք, հյուրերի համար բնակարան, ռեստորանի տարածք էր պետք, պարզվեց, որ գործող բրոքերները պատրաստ չեն նմանատիպ ծառայություններ մատուցել: Երբ ես բացեցի իմ ռեստորանը, ես ուզում էի այնտեղ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որը պակասում էր այլ ռեստորաններում`որակյալ սպասարկում, լավ խոհանոց, հաճելի երաժշտություն:

Բայց մի քանի տարի անց օբյեկտիվ պատճառներով ես ստիպված եղա փակել այն: Այդ բոլոր փորձերից դաս քաղեցի, որ ամեն ինչ իր ժամանակին է լավ: Այսպիսով, փորձերի և սխալների միջոցոբ ես եկա նրան, ինչով որ զբաղվում եմ այսօր: Սակայն դա չի նշանակում, որ եթե հետաքրքիր գաղափար ունենամ, ապա չեմ զբաղվի դրա իրականացմամբ:

«Նովոստի–Արմենիա». Իսկ փոքր բիզնեսի վրա ինչպե՞ս է ազդել նոր Հարկային օրենսգիրքը։

Մ. Ժամկոչյան. Դեռ դժվար է գնահատել, սակայն արդեն առաջացել են որոշակի խնդիրներ, օրինակ` օրենսդրության այս կամ այն դրույթների ոչ միանշանակ ձևակերպումները հանգեցնում են երկակի մեկնաբանության։ Այն փաստը, որ օրենսդրությունը բաղկացած է 700 էջից և գրված է բարդ լեզվով, արդեն դժվարություններ է առաջացնում։ Փոքր ձեռնարկությունների համար, որոնք իրենք են վարում հաշվապահությունը, իսկական դժոխք է դառնում գլուխ հանել այս բոլոր խճճված օրենքներից։ Անգամ մեր կոնսալտինգային ընկերությունը, որը հաշվապահական հաշվառման ծառայություններ էր մատուցում, ստիպված էր հրաժարվել գործունեության այդ ուղղությունից։

Վերջերս Մինսկում էի և մասնակցում էի «Արևելյան գործընկերության» շրջանակում կազմակերպված սեմինարին, այնտեղից բերել եմ «Ինչպե՞ս բիզնես սկսել Եվրասիական տնտեսական միությունում» խորագրով բրոշյուր, որտեղ ներկայացված են ԵՏՄ երկրներում գործող բոլոր հարկերը։ Ամենաբարձր հարկերը Հայաստանում են, օրինակ` Հայաստանում շահութահարկը 20% է, Բելառուսում` 18%, Ղազախստանում` 12%, Ղրղըզստանում`5–10%։ Պարզեցված (ֆիքսված) հարկը, որը կիրառվում է փոքր բիզնեսի համար, Հայաստանում կազմում է 7–12%, Բելառուսում` 3,5%, ՌԴ–ում` 6,15%։ Նմանատիպ իրավիճակ է ԱԱՀ–ի, եկամտահարկի, անշարժ գույքի և այլ տեսակի հարկերի հարցում։ Այս ամենը չի թեթևացնում բիզնեսի, հատկապես փոքր բիզնեսի բեռը։

«Նովոստի–Արմենիա». Ձեր կարծիքով, ի՞նչ բիզնեսով պետք է զբաղվի մեր հայրենակցուհին, ընդ որում հաշվի առնելով այն, որ ոչ բոլորի մոտ է ձեր նման տղամարդկային խելքի կերտվածք։

Մ. Ժամկոչյան. Ինձ հաճախ ասում են, որ ես տղամարդկային խելքի կերտվածք ունեմ, գործերի նկատմամբ տղամարդկային մոտեցում և հանգստանալ չեմ կարողանում։ Ես դա ընկալում եմ որպես հաճոյախոսություն։ Իմ կարծիքով, կանայք ավելի լավ է զբաղվեն բիզնեսով հանրային սննդի ոլորտում։ Չնայած դա դժվար բիզնես է, սակայն շահութաբեր է աշխատանքը ճիշտ կազմակերպելու և սպասարկման որակը պահպանելու դեպքում։ Կանանց համար հարմար է նաև տուրիստական բիզնեսը, սակայն այստեղ պետք է ունենալ որոշակի հմտություններ, կապեր արտերկրի հետ, գործընկերներ։ Մարզերում կանայք կարող են զբաղվել էկոլոգիապես մաքուր արտադրանքի մշակմամբ, որն այսօր շատ պահանջված է, ինչպես նաև կարող են զբաղվել ագրոբիզնեսով, որի համար նախատեսված են արտոնություններ։

Խորհուրդ չեմ տալիս կանանց զբաղվել առևտրով։ Կարծում եմ, որ այդ բիզնեսն ընդհանրապես նախատեսված չէ հայերի համար, չէ՞ որ մենք կարող ենք զբաղվել ավելի ինտելեկտուալ գործունեությամբ։

Երբ մեր հաճախորդներից ոմանք դիմում են` հարց տալով, թե արդյոք արժե՞ բիզնես բացել և կոնկրետ ի՞նչ բիզնեսով է ավելի լավ զբաղվել, ինձ մոտ երկակի զգացում է առաջանում։ Մի կողմից, ուզում եմ ասել` իհարկե, արժե, իսկ մյուս կողմից ցանկանում եմ հաճախորդին հեռու պահել ռիսկից, քանի որ այսօր Հայաստանում ցանկացած բիզնես կապված է ռիսկի հետ։

«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ է խանգարում կանանց բացել սեփական բիզնեսը։

Մ. Ժամկոչյան. Ինձ համար տարբերություն չկա տղամարդու և կանացի բիզնեսի միջև, խնդիրները նույնն են` անկախ սեռից։ Դժվարություններ, իհարկե, կան, հատկապես փոքր բիզնեսում, օրինակ` շուկայի մենաշնորհը, երբ լուրջ հաճախորդները դիմում են խոշոր ընկերություններին։ Պետական կառույցները ևս խորհուրդ են տալիս դիմել խոշոր ընկերություններին, և քանի որ շուկան սահմանափակ է, մեզ մնացորդներ են մնում։ Բացի այդ, շատ տեղացի հաճախորդներ ունեն ֆինանսական դժվարություններ և վճարունակ չեն։

Загружается новость ... "Право"

Կցանկանայի նշել կին–ձեռներեցների տարբերակիչ առանձնահատկություններից մեկը։ Մենք բաց ենք շփման համար, հաճախ հավաքվում ենք, ներկայացնում սեփական փորձն ու ձեռքբերումները, չենք վախենում մրցակցությունից։ Տղամարդիկ ավելի գաղտնապահ են, չնայած հնարավոր է` նրանց մոտ մրցակցությունն ավելի կոշտ է։

Նովոստի Արմենիա. Կարո՞ղ եք մի քանի գործնական խորհրուրդ տալ ստարտափերին: Օրինակ, ինչպես խուսափել ավելորդ ռիսկերից, կան, արդյո՞ք, ինչ-որ կանոններ, որոնք չպետք է խախտել, եթե ուզում ես հաջողության հասնել:

Մ. Ժամկոչյան. Կանոնները շատ են, օրինակ, ժամանակ առ ժամանակ ես տեսնում եմ, թե ինչպես են 5 հազար դոլարով վարձակալում տարածք ռեստորանի, սրճարանի կամ խանութի համար, այնինչ իրենց հաճախականությունը կազմում է ընդամենը 20 մարդ մեկ ժամում: Եթե հաշվել շրջանառությունը, ապա շահույթը չի բավարարի անգամ վարձակալության համար: Պետք է նաև պարզել, թե ինչ մրցակիցներ կան շուկայում, իսկ ամենակարևորը բիզնես գաղափարն է: Պետք է գտնել նորը, յուրահատուկը, որպեսզի ինչ-որ հետաքրքրություն լինի: Առաջարկել այն, ինչը ոչ ոք քեզանից առաջ չի առաջարկել: Ընդ որում, ինչպես հուշում է իմ անձնական փորձը, անհրաժեշտ հաշվի արնել նաև այն, թե պատրաստ է արդյոք հասարակությունն այն ծառայությանը կամ պրոդուկտին, որը դուք առաջարկում եք:

Նովոստի Արմենիա. Ինչպե՞ս եք դուք հասցնում անել այդ ամենը ձեր ծանրաբեռնվածության պայմաններում, և ի՞նչ գնով եք հասնում ձեր հաջողությանը:

Մ. Ժամկոչյան. Հիմնականում, իմ քնի, հնարավոր է` նաև առողջության գնով: 17 տարեկանից քնում եմ օրական չորս ժամից ոչ ավելի: Ես աշխատում ու սովորում էի Պոլիտեխնիկական համալսարանի երեկոյան բաժնում: Համալսարանի պարապմունքները ավարտվում էին երեկոյան 11–ի սահմաններում, այնուհետև կատարում էի տան գործերը, իսկ առավոտյան գործս սկսվում էր ժամը 7-ին: Աշխատում է ռազմական գործարանում, սովորել եմ նման ռեժիմի: Դա արդեն իմ ապրելակերպն է։

Նովոստի Արմենիա. Ինչպե՞ս են ձեր տան անդամները վերաբերում նման ռեժիմին:

Մ. Ժամկոչյան. Ընտանիքիս անդամները բողոքում են, որ ես շատ ժամանակ եմ հատկացնում գործիս: Սակայն, կարծես, նրանք արդեն հաշտվել են, հասկացել են, որ սա իմ ապրելակերպն է։ Ինձ այլևս հնարավոր չէ փոխել, քանի որ ես հաճույք եմ ստանում իմ գործից: Ուզում եմ նաև ինչ-որ բան անել իմ ընտանիքի համար: Ես բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել ապրել ու աշխատել արտերկրում, սակայն ցանկացել եմ իմ հնարավորությունների սահմաններում մի քիչ փոխել կյանքն իմ երկրում դեպի լավը:

Նովոստի Արմենիա. Ըստ Ձեզ, ո՞րն է կանանց բիզնեսի հաջողության գրավականը:

Մ. Ժամկոչյան. Կարծում եմ, որ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, հավատքը ու սերը դեպի այն, ինչ անում ես` հաջողության գրավական է յուրականչուր բիզնեսում: Եթե սիրում ես այն, ինչ անում ես, ապա հաջողությունն ապահոված է: Պետք է մշակել բիզնես վարելու սեփական համակարգը, անշեղորեն հետևել դրան ու անուշադրության չմատնել այն, հակառակ դեպքում սկսվում են խնդիրները:-0-

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։