ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։ Օրինակ, եթե հանկարծ կորցնում ես աշխատանքդ կամ եկամտի աղբյուրը, ախտորոշվում է ինչ–որ հիվանդություն կամ պետք է պարտքեր մարես։ Հենց նման դեպքերի համար էլ գոյություն ունի անվտանգության ֆինանսական բարձիկը։ Որպես կանոն, այդ բարձիկը ստեղծվում է` հաշվի առնելով այն, որ ընտանիքը կարողանա ապրել կես տարի առանց կայուն եկամտի։ Բարձիկի չափը որոշելու համար հարկավոր է ամսական ծախսերի գումարը բազմապատկել այն ամիսների թվով, որոնք պետք է անցկացնել անվտանգության բարձիկի հաշվին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նման ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց, որոնք կօգնեն հաղթահարել անկանխատեսելի դժվարությունները։
1. Լրացուցիչ եկամտի աղբյուր կամ միկրոբիզնես. Օգտագործեք լրացուցիչ եկամուտ վաստակելու ցանկացած միջոց, այդ թվում` սոցցանցերը։ Վերածեք ձեր հոբբին եկամտի լրացուցիչ աղբյուրի։ Կարող եք գործել կամ պատվերով թխվածք պատրաստել, զբաղվել վերանորոգման մանր աշխատանքներով և այլն։ Լրացուցիչ վաստակած գումարը կուտակեք` որպես անվտանգության բարձիկ։ Իհարկե, այդ ամենը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, և նախատեսված գումարը կուտակելուց հետո կարող եք վերադառնալ նախկին կենսակերպին։
2. Կուտակեք աշխատավարձի, ստացված բոնուսների, պարգևավճարների և այլ եկամուտների 10%–ը. Ընդ որում արեք այնպես, որպեսզի այդ գումարն ավտոմատ կերպով փոխանցվի ձեր բանկային հաշվին, որտեղ դրան կավելանան համապատասխան տոկոսներ։
3. Պահպանեք քեշբեք։ Գնումների համար օգտագործեք կանխիկի վերադարձով քարտ, դրանով վճարեք գրեթե ամեն ինչի համար (սակայն մի գերազանցեք սահմանաչափը, եթե դա վարկային քարտ է)։
4. Կուտակեք վերադարձված միջոցները: Ձեզ վերադարձրել են պարտքը, որը դուք արդեն չէիք սպասում հետ ստանալ: Հետ դրեք այն անվտանգության բարձիկի մեջ:
5. Շարունակեք վճարել վարկի համար: Եթե դուք վարկով վերցված ավտոմեքենայի վերջին վճարումն եք կատարել, մի շտապեք ծախսել այդ գումարը հաջորդ ամիս, ուղղեք այն անվտանգության բարձիկի մեջ և շարունակեք նույնն անել նաև հետագա ամիսների ընթացքում: Ի վերջո, դուք ավելի վաղ մի կերպ կարողացել եք ապրել առանց այդ գումարի:
6. Ազատվեք վատ սովորություններից: Դադարեք ծխել, նվազեցրեք օգտագործվող քաղցրավենիքի, բուլկեղենի, ճարպերի և ալկոհոլի օգտագործումը, իսկ տնտեսված միջոցներն ուղղեք անվտանգության բարձիկ:
7. Ավելորդ մանր: Երեկոյան հանեք դրամապանակում կուտակված մանրադրամները և տեղափոխեք այն խնայատուփի մեջ: Մի քանի ամիսը մեկ անգամ հանեք կուտակված գումարը և ուղղեք այն անվտանգության բարձիկ:
8. Մի օգտվեք այն բանկերի ծառայություններից, որոնք գտնվում են անմիջապես ձեր տան կողքին: Դա կդժվարացնի փող ստանալը և թույլ կտա խուսափել անվտանգության բարձիկը ժամանակից շուտ ստուգելու գայթակղությունից:
9. Օգտվեք օնլայն բանկից: Եթե գումարի ստացումը պահանջի որոշ ժամանակ, դուք հնարավորություն կունենաք գնահատել նոր սմարթֆոնի գնման անհրաժեշտությունը, իսկ ձեր անվտանգության բարձիկն ապահովության մեջ մնալու ավելի մեծ շանսեր կունենա:
10. Ամիսը գոնե մեկ անգամ հանգստյան օրերն անցկացրեք առանց ծախսերի: Տնտեսված գումարը փոխանցեք անվտանգության բարձիկ: Մեկ տարի անց կունենաք կլորիկ գումար:
Ամփոփում
Օգտվեք անվտանգության ֆինանսական բարձիկի ձևավորման որոշ կամ առաջարկված բոլոր միջոցներից, և տարվա վերջում ձեզ կզարմացնի այն գումարը, որը հաջողվել է կուտակել առանց մեծ ծախսերի: Ամենակարևորն այն է, որպեսզի նման ֆինասական բարձիկի ստեղծումը լինի ձեր առաջնահերթությունների շարքում: Այդ դեպքում դուք պատրաստ կլինեք իրադարձությունների ցանկացած զարգացման:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-