415.63
4.18
390.04
+21
Եղանակը Երևանում
Հայ

Վճարային քարտեր. տեսակներ, առցանց գնում, ձեր իրավունքները

11:43
07 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Խելամիտ կիրառման դեպքում վճարային քարտը կարող է դառնալ ճկուն և ապահով գործիք ձեր եկամուտները և ծախսերը վերահսկելու, պետք եղած ժամանակ գնումների պատրաստ լինելու համար: 

Վճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս ստանալ աշխատավարձ կամ այլ դրամական միջոց, կանխիկացնել անհրաժեշտ գումար, կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում` առանց մեծ քանակությամբ կանխիկ փող ունենալու, բանկոմատներից կամ առցանց հարթակների միջոցով կատարել կոմունալ և այլ տեսակի պարտադիր (տուրքերի, տուգանքների, հարկերի) վճարումներ, իրականացնել ինտերնետային առևտուր, կատարել և ստանալ քարտից քարտ փոխանցումներ, պարբերաբար ստանալ հաշվի քաղվածքներ, շահավետ պայմաններով օգտվել նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն:

Տեսակներ

Գոյություն ունի վճարային քարտերի մի քանի տեսակ։ Դեբետային քարտն օգնում է առանց բանկ այցելելու կառավարել և օգտագործել ձեր բանկային հաշվին առկա սեփական միջոցները, այդ թվում՝ կանխիկացնել, գնումներ կատարել: Վարկային քարտը  (նաև կրեդիտային քարտ) նախատեսված է բանկի կողմից ձեզ վարկի ձևով տրամադրված դրամական միջոցները օգտագործելու՝ կանխիկացնելու, առևտուր կատարելու կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու նպատակով:  Հաշվարկային քարտը միավորում է դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները: Օրինակ՝ դեբետային քարտով հնարավորություն է ընձեռվում նաև ստանալ վարկային գիծ (օվերդրաֆտ): 

Кошелек банковская карта

Ըստ օգտագործման տեխնոլոգիայի` քարտերը լինում են չիպային, որի հիմքում միկրոսխեմա է, այն թույլ է տալիս գրառել ավելի շատ տեղեկատվություն, քան մագնիսական ժապավենի վրա: Ներկայումս բանկերն իրենց հաճախորդներին հիմնականում տրամադրում են չիպային և մագնիսական ժապավենով համատեղ հիբրիդ քարտեր: Մագնիսական քարտը պատված է մագնիսական ժապավենով, և տեղեկատվությունը գրանցվում է մագնիսական եղանակով: Հիբրիդային քարտը նախորդ երկուսի միավորումն է, երբ քարտի վրա առկա է և՛ միկրոսխեմա, և՛ մագնիսական ժապավեն։

Հայաստանում լայնորեն շրջանառվում է ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտը, որը կիրառելի է միայն Հայաստանի տարածքում, այնպես էլ միջազգային MasterCard, Visa, American Express քարտերը, որոնք կարելի է օգտագործել արտասահմանում, ինչպես նաև արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս: Այս բոլորը քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:

Եթե քարտն օգտագործվելու է միայն էլեկտրոնային գնումների համար, ապա կարելի է ձեռք բերել վիրտուալ քարտ,  որի դեպքում դուք ստանում եք առցանց հաշիվ ու քարտային տվյալներ, գրանցում դրանք առցանց հարթակում և կատարում գնումներ: 

Վճարային քարտերի շուկայում կարելի է հանդիպել նաև «Կանխավճարային նվեր քարտեր», «Ուսանողական քարտեր» և այլ տարատեսակներ, որոնք հիմնականում աշխատում են դեբետային քարտերի սկզբունքով: 

Ինչպես ձեռք բերել վճարային քարտ

Հայաստանում վճարային քարտեր թողարկում և տրամադրում են երկրի տարածքում գործող բանկերը: 14 տարեկանից սկսած՝ հնարավոր է ձեռք բերել վճարային քարտեր, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների համար ծնողները կարող են բանկից պատվիրել իրենց քարտային հաշվին կցված քարտեր՝ ընտանիքի բոլոր անդամների անուններով:  Վճարային քարտ ստանալու համար պետք է նախապես որոշել ձեր կարիքները, գտնել հարմար վճարային քարտը, այցելել բանկ և պայմանագիր կնքել բանկի հետ:

Кошелек банковская карта

Այս ծառայությունից օգտվելու դեպքում հնարավոր են մի քանի տեսակ վճարներ` քարտի թողարկման/տրամադրման վճար, տարեկան սպասարկման վճար: Որոշ իրավիճակներում հնարավոր են այլ վճարներ ևս՝ հաշվի շարժի դեպքում հաղորդագրության (SMS) ծառայության, հավելյալ/կից քարտի պահանջի, կարճ ժամկետում քարտի տրամադրման, քարտի կորստի, գողության, վնասման, PIN կոդի մոռացության դեպքում քարտի վերաթողարկման, այլ բանկերի բանկոմատներից կանխիկացման, քարտի արգելափակման, քարտի ապաարգելափակման և այլ ծախսեր:

PIN կոդ և գաղտնաբառ

PIN կոդը վճարային քարտի անվտանգության և նույնականացման գործիք է, որն անհրաժեշտ է բանկոմատից և POS տերմինալից  գումար կանխիկացնելու, իսկ չիպային քարտերի դեպքում՝ նաև POS տերմինալով վճարումներ կատարելու ժամանակ: Քարտային պայմանագիր կնքելիս ձեզ խնդրում են ընտրել գաղտնաբառ, որը բանկը կարող է ձեզ հարցնել հեռահար սպասարկման ժամանակ՝ ձեզ նույնականացնելու համար: Հնարավոր է նաև՝ այն պահանջվի քարտային գործարքներ կատարելիս որոշ կայքերում գրանցվելու ժամանակ:

Загружается новость ... "Лево"

Գնումներ և կանխիկացում

Վճարային քարտերով այս տեսակի գործառնություններ կարելի է իրականացնել POS տերմինալների, բանկոմատների ու համակարգիչների միջոցով: Օրինակ, POS տերմինալները հնարավորություն են տալիս վճարումներ կատարել առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև կանխիկացնել գումար բանկերում:Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (պատկերանշանը/լոգոն) oրինակ` Visa կամ MasterCard:

POS տերմինալի միջոցով հնարավոր է գնումներ կատարել նաև առանց քարտը սպասարկողին փոխանցելու և PIN կոդ հավաքելում, պարզապես հարկավոր է քարտը մոտեցնել POS տերմինալին:Այդ տեխնոլոգիան անվանվում է PayWave (Visa-ի քարտերի համար) և PayPass (MasterCard-ի քարտերի համար): Սովորաբար կիրառվում է գումարային սահմանաչափ, օրինակ՝ 10 000 դրամ, որից ցածր արժեքով գնումների համար կարելի է պարզապես մոտեցնել քարտն այն POS տերմինալներին, որոնց վրա կա նշանը:

Բանկոմատից օգտվելու համար պետք է ունենալ քարտ և հիշել քարտի PIN կոդը` բանկոմատում այն մուտքագրելու համար: Այլ բանկի բանկոմատից գումարի կանխիկացման դեպքում բանկը հիմնականում գանձում է միջնորդավճարներ:

Օնլայն գնումներ

Առցանց առևտուրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել ձեզ հետաքրքրող ապրանքները, ինչպես նաև խմբավորել դրանք՝ ըստ ապրանքանշանի, գնի, ֆիզիկական հատկանիշ (գույն, չափ) և այլն։

Кошелек банковская карта

Առցանց առևտուրը պարունակում է նաև ռիսկեր, որոնց առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հետևել մի շարք քայլերի։ Մասնավորապես, համացանցի միջոցով գնումներ կատարելիս պետք է դա անել գնման համար առանձնացված քարտով, որի վրա խորհուրդ է տրվում պահել այնքան գումար, որքան հարկավոր է առևտուր կատարելու համար: Պետք է ուշադիր լինել և ընտրել ապահով կայքեր, որոնք սկսվում են https:// գրառումով, «կողպեքի» նշանով են, հասցեի կանաչ գրառումով և ապահովության այլ նշաններով։ Միջազգային կայքերից օգտվելիս անհրաժեշտ է ճշտել, որ կայքերը լինեն հավաստագրված, ստուգված կամ ճանաչված, օրինակ` «Verified by VISA», «MasterCard Secure Code» և այլն: Խորհուրդ է տրվում կարդալ նախկին օգտատերերի գրառումները, գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգել, օրինակ` Google Maps ծրագրով՝ արդյոք նման հասցե իրոք գոյություն ունի, և ինչ է գտնվում այդ հասցեում։ 

Անվտագության հնարավորություն է տալիս նաև 3D secure համակարգը, որի դեպքում գործարքը շարունակելու համար դուք նույնականացվում եք ձեր բանկի կողմից. քարտային հաշիվ բացելիս բանկին հայտնում եք հեռախոսահամար, որին հաղորդագրություն (SMS)/էլ. նամակ եք ստանում գնում կատարելիս: Հաղորդագրությունը/նամակը պարունակում է մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է մուտքագրել գործարքի կատարման կայքում՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով:  Անհրաժեշտ է կայքերում մուտքի գաղտնաբառ ընտրելիս և քարտը գրանցելիս ընտրել ավելի բարդ գաղտնաբառեր. ներառել մեծատառ, թվեր, նշաններ:

Առցանց գնում կատարելիս հարկավոր է շատ զգոն լինել և չտրվել «չափազանց լավ» առաջարկներին, օրինակ` գնե՛ք այս ժամացույցը՝ վճարելով միայն առաքման համար կամ 30 տարեկանների համար անվճար ճամփորդություն դեպի Իտալիա ...Այսպիսի հայտարարությունները հիմնականում նպատակ ունեն կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործելով խարդախ նպատակներով:

Ձեր իրավունքները

Վճարային քարտերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով: Ձեր իրավունքները բանկերի կողմից խախտվելու դեպքում անհրաժեշտ է դիմել բանկին: Կարող եք գրել դիմում, որին բանկը պետք է պատասխանի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպում դուք լրացուցիչ կտեղեկացվեք ձեր տրամադրած հաղորդակցման միջոցով (էլ. նամակ, փոստային նամակ): 

Բանկի պատասխանին չհամաձայնվելու դեպքում կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որի ծառայություններն անվճար են, արագ և հարմարավետ: Հաշտարարին կարելի է դիմել գույքային պահանջների դեպքում, այսինքն՝ եթե կրել եք գույքային/դրամական վնաս: Այս դեպքում կարևոր է նաև, որ գումարային պահանջը չգերազանցի 10 միլիոն դրամը և ունենա մեկ տարուց քիչ վաղեմություն:

Կարող եք դիմել նաև դատարան, սակայն պետք է հիշել, որ դատարանից հետո չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Кошелек банковская карта

Օգտակար խորհուրդներ

Մինչ վճարային քարտը ձեռք բերելը պետք է որոշել, թե ինչի համար եք ցանկանում ձեռք բերել վճարային քարտը, և ինչ տեսակի քարտ է ձեզ անհրաժեշտ.

Եթե քարտով նախատեսում եք ստանալ աշխատավարձ ՀՀ տարածքում և հայաստանյան գործատուի կողմից, ինչպես նաև գումար կանխիկացնել կամ գնումներ կատարել բացառապես վաճառքի հայկական կետերում, ապա ԱՔՌԱ քարտը կարող է լինել ձեզ համար ամենաշահավետ տարբերակը:  Իսկ եթե այդ քարտով ստանալու եք աշխատավարձ, սակայն ձեզ անհրաժեշտ է նաև վարկային գիծ ձեռք բերել, ինչպես նաև օգտագործել արտասահմանում, ապա պետք է դիտարկել   Mastercard-ի,  VISA-ի և միջազգային այլ հաշվարկային քարտի տարբերակները: 

Պետք է հիշել, որ վճարային քարտը նույնքան կարևոր է և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության կանոններին։ Մասնավորապես, պարբերաբար ստուգել հաշվի քաղվածքը, համեմատել ունեցած անդորրագրերի տվյալների հետ, սխալներ հայտնաբերելու դեպքում դիմել բանկին: 

Պետք է միշտ տեսադաշտում պահեք վճարային քարտը, քանի որ ֆինանսական խարդախության համար ձեր քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշների ձեռքում:  Մի՛ գրանցեք քարտի հետ կապված տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Մանավանդ PIN կոդը ոչ ոք չպետք է իմանա, բացի ձեզնից:

Քարտի կորստի կամ գողության դեպքում հարկավոր է անմիջապես դիմեքլ բանկ, արգելափակել այն` այլ անձանց կողմից ձեր գումարների օգտագործումը բացառելու համար: Քարտը գտնելու դեպքում կարելի է ապաարգելափակել քարտը, որը կարող է լինել վճարովի: Մնացած դեպքերում քարտը պետք է վերաթողարկվի, ինչը հիմնականում վճարովի ծառայություն է: 

Քարտով վճարումներ կատարելիս հարկավոր է նախապես ճշտել, որ անհրաժեշտ գումարի չափով միջոցներ ունեք, այլապես հաշվին կձևավորվի բացասական մնացորդ: Հատկապես ուշադիր է պետք լինել արտարժույթով գործարքներ կատարելիս. մինչև բանկի կողմից գործարքը ձևակերպելը, կարող է արտարժույթի փոխարժեքի տատանում տեղի ունենալ: Ապահովության համար ցանկալի է լրացուցիչ գումար թողնել հաշվին՝ այդ ռիսկը բացառելու համար:–0–

Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ  www.abcfinance.am կայքում։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:35
23 Ապրիլի 2024
Մոբայլ բանկինգ․ ինչի համար է և ինչպես օգտվել
ինչ հնարավորություններ է տալիս մոբայլ բանկինգը և ինչպես օգտվել դրանից
11:03
11 Ապրիլի 2024
«Հանրագիտարան փողի մասին»․ լավ միջոց երեխաներին ֆինանսների մասին պատմելու համար
Փողը մեր կյանքի անբաժանելի մասն է: Կարող է թվալ, թե երեխաները կարիք չունեն իմանալու փողի մասին, բայց դա այդպես չէ
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին