ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ:
Ինչպես հաղորդում է Հանրային հեռուստատեսության մամուլի ծառայությունը, մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը:
«Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաև մի քանի ակնթարթներ, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինի Արծվիկի կյանքի ամենահիշարժան և տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի եվրատեսիլ»–ում:
Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի՝ օդապարիկով թռիչքը, որը, ինչպես «Եվրատեսիլին» մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը:
Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային «Fly with me» երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Լիլիթ Նավասարդյանը, ովքեր ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին «թռչել» Արծվիկի հետ:
«Ես անմոռանալի տպավորություն ստացա թռիչքիցս: Աննկարագարելի է, թե ինչ ես զգում, երբ գտնվում ես երկրի ու երկնքի միջև՝ ամպերին այդքան մոտ: Հույս ունեմ, որ տեսաբացիկի միջոցով էմոցիաներս կկարողանամ փոխանցել երկրպագուներիս»,- նշում է Արծվիկը:
Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր և յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը:
Բացի այդ, ներկայացվում է նաև ընկերական ջերմ հանդիպում գինու շուրջ, որտեղ Արծվիկին ուղեկցում են նաև բեք-վոկալիստներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը և երգի համահեղինակ Դավիթ Ծերունյանը: Երիտասարդների հանդիպումը խորհրդանշում է խնջույքներին հայկական գինեխմության ավանդույթը:
Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–