ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մայիսի 21-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև ժամը 17։00-ից մինչև 22։00-ն:
«Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում ունի զարգացման հետաքրքիր և հարուստ պատմություն: Beeline-ն, ի սկզբանե, կանգնած է եղել այդ պատմության կերտման ակունքներում, որի մի մասն այսօր ներկայացված է մեր Կապի թանգարանում: Մենք այս տարի ևս միանում ենք «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը և հրավիրում բոլոր ցանկացողներին այցելել Կապի թանգարան և ծանոթանալ հայ կապավորների և հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչև ժամանակակից թվային ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի սարքավորումներին:
Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։.
«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 եվրոպական թանգարաններ:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–