ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել մի շարք կինոգործիչների, ովքեր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերն են, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Մասնավորապես, հայկական կինոարվեստի քարոզման գործում մեծ ավանդ ունենալու համար պարգևատրվել են ռուս կինոքննադատ, սոցիոլոգ Կիրիլ Ռազլոգովը, բուլղարացի կինոքննադատ Ալեքսանդր Գրոզևը, գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Կելեմանը։
Երևանում ցուցադրվում են Հայաստանի մասին պատմող` Աբաս Քիառոսթամիի լուսանկարները>>
««Ոսկե ծիրան» փառատոնը շատ բազմաֆունկցիոնալ է։ Այն, առաջին հերթին, կարևոր է նրանով, որ համաշխարհային կինոն գալիս է Հայաստան։ Մեր երկրի բնակիչները իմանում են կինոյի ոլորտի վերջին զարգացումների մասին հենց փառատոնի շնորհիվ», – ասաց Պողոսյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Նրա խոսքով` փառատոնի շնորհիվ ծնվում են համատեղ ստեղծագործական նախագծեր, որոնց թիվը անցած տարիների ընթացքում զգալիորեն աճել է։
Ժակլին Բիսեթ. «Հայերը հիանալի և շատ ընկերասեր ազգ են» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)>>
«Վերջին տարիների հայկական գրեթե բոլոր կինոնախագծերը համատեղ ստեղծագործության արդյունք են։ Շատ կարևոր են նաև մարդկային և պրոֆեսիոնալ շփումները։ Կինոփառատոնի շնորհիվ Հայաստանը ճանաչելի է դառնում աշխարհի համար», – ասաց Պողոսյանը։
Նա կարծում է, որ եթե փառատոնի հյուրերը չիմանային Հայաստանի մասին և չլինեին այստեղ, նրանց երկրներում դժվար թե կազմակերպվեին Հայոց ցեղասպանությանը նվիրված մասշտաբային միջոցառումներ։
«Կինոյի լեզուն ամենաարդյունավետներից է։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կայացավ, և այն անկախ Հայաստանի ձեռքբերումն է», – ընդգծեց Պողոսյանը։
Ռոման Բալայանը արժանացել է Հայկական եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակին>>
«Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10–17–ը։
Այս տարի «Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին։ Կինոփառատոնի շրջանակում կներկայացվի մոտ 135 ֆիլմ, որոնցից 43–ը` մրցութային երեք ծրագրերում` «Խաղարկային ֆիլմերի մրցույթ», «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» և «Հայկական համայնապատկեր»։
Կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների գլուխգործոցները «Երևանյան պրեմիերա», «Հայացք դրսից և ներսից», «Հատուկ ցուցադրում», «Հայ կինո. նոր ժամանակներ», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Ֆրանսիական կինոծրագիր», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերի շրջանակում։
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։
2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–