ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
Պրոֆեսիոնալ ժյուրին Հայաստանի ներկայացուցիչներին շնորհեց երկրորդ տեղը, իսկ մանկական քվեարկության արդյունքներով Անահիտը և Մերին առաջատար էին:
Արդյունքում, 13-ամյա հայ երգչուհիները հավաքեցին 232 միավոր, ինչը ընդամենը 7 բալով զիջեց հաղթող մասնակից 10-ամյա Մարիամ Մամադաշվիլիի միավորներին:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» անցկացվում է 14–րդ անգամ Մալթայում։ Մասնակիցների թվում են` 9–14 տարեկան երգիչներ և կոլեկտիվներ 17 երկրներից` Ալբանիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից։ 2010 թվականին մրցույթի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ, արցախցի Վլադիմիր Արզումանյանը, ինչը թույլ տվեց 2011 թվականին անցկացնել մրցույթը Հայաստանում։ -0-