ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթում, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսության մամուլի ծառայությունը։
«Եվրատեսիլ 2019»–ը կանցկացվի Իսրայելում։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթում 2006 թ.–ից։
Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու համար առաջին անգամ հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետագայում հետ է վերցրել այն և չի մասնակցել 2005 թվականի մրցույթին։ 2006 թվականին Հանրային հեռուսատաընկերությունը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը 2006 թվականի մրցույթում։
Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն իր «Without Your Love» երգով։ Անդրեն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ է տվել, որ Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում և այդ տարի Հայաստանը ներկայացրել է Հայկոն իր «Anytime You Need» երգով և կրկնել է նախորդ տարվա արդյունքը` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ 2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ տեղը։ 2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասն իր «Apricot Stone» երգով և զբաղեցրել է 7-րդ տեղը։
Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին իր «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով նա դուրս մնաց եզրափակչից։ 2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում։ 2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3-ի «Not Alone» երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին։ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրեց Genealogy երաժշտական սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խումբը կատարեց «Face the Shadow» երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը`34 միավորով։ 2016 թվականին Հայաստանը ներկայացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը իր «LoveWave» երգով, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ միավորն է։ 2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Արծվիկն իր «Fly with Me» երգով և զբաղեցրեց 18-րդ տեղը։ 2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը իր «Քամի» երգով, որով 2011 թվականից սկսած երկիրը առաջին անգամ դուրս է մնացել եզրափակիչ փուլից և իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ չի անցել եզրափակիչ փուլ:–0–