ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի սաունդթրեքը` հանրաճանաչ ամերիկացի վոկալիստ, ալտ և հարդ ռոքի աստղ Քրիս Քորնելի կատարմամբ:
Քորնելը իր Twitter-ում հայտնել է, որ երգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Փրկության միջազգային կոմիտեին, որը օգնում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց վերականգնվել:
Քրիս Քորնելն ամերիկացի անվանի երաժիշտներից է, ով հանդես է եկել որպես կիթառահար, կոմպոզիտոր և վոկալիստ: Հանրաճանաչ Soundgarden խմբի մենակատարն է: Բազմաթիվ ալբոմների հեղինակ է, որոնցից մի քանիսը դարձել են պլատինե:
«Խոստում» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2017 թ.-ի ապրիլի 21-ին:
Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում