ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Օսկարակիր դերասան, բարերար Ջորջ Քլունին ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային:
Այդ մասին իր Twitter-ում հայտնել է հանրաճանաչ ամերիկացի վոկալիստ, ալտ և հարդ ռոքի աստղ Քրիս Քորնելը, ով գրել և կատարել է ֆիլմի սաունդթրեքը:
Նախորդ տարի Քլունին այցելել էր Հայաստան` մասնակցելու միջազգային Aurora Prize մարդասիրական մրցանակի հանձնման արարողությանը: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա նշել է, որ սպասում է Քրիստիան Բեյլի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի դուրս գալուն: Քլունին նաև հայտնի է նրանով, որ վաղուց է հետաքրքրվում Հայոցցեղասպանության թեմայով և մասնակցում է դրա քննարկումներին:
Ավելի վաղ ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել այնպիսի աշխարհահռչակ անձինք, ինչպիսիք են երգչուհիներ և դերասանուհիներ Շերը և Բարբարա Սթրեյզանդը, երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը, դերասան և պրոդյուսեր Սիլվեստեր Ստալոնեն, թենիսիստ և բարերար Անդրե Աղասին:
«Խոստումը» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է կունենա ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 27-ին:
Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:
Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:
Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։
Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-