ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
Պրեմիերան տեղի կունենա մաեստրոյի ներկայությամբ` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
Ինչպես ուրբաթ հայտարարել է բալետի սցենարի հեղինակ և պարուսույց, բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, «La Boheme» բալետում ներկայացված է ոչ թե Ազնավուրի կենսագրությունը, այլ նրա կյանքը` արվեստի պրիզմայով անցկացրած:
Загружается новость ... "Лево"
«Շառլ Ազնավուրը, ում մենք մանկուց ենք ճանաչում, իր արվեստով կարողացավ հաղթել ժամանակը և միանալ հավերժությանը: Բալետում ես օգտագործել եմ նրա 12 հայտնի ստեղծագործությունները, վերջինը կհնչի «La Boheme»–ը: Միավորելով այդ երգերը` ես ստեղծել եմ սցենարական փոխաբերություն: Ինձ համար շատ կարևոր էր նոր բալետ ստեղծել, որում ներկայացված կլինի նաեւ մեր բալետային մտածողությունը»:
Նրա խոսքով, «Լա Բոհեմը» բալետը ներառվել է Օպերայի եւ բալետի թատրոնի մշտական խաղացանկ: Հանդիսատեսը կկարողանա տեսնել ներկայացումը նաեւ հունիսի 4-17-ը: Նա հավելեց, որ «La Boheme»–ում ներկայացված է ժամանակակից բալետային արվեստը` հիմնված ավանդականի վրա:
«Բալետի կոնցեպցիան հիմնված է դրամատուրգիայի վրա, ես երգերը ընտրել եմ` հենց դրանից ելնելով: Սցենարը և բոլոր ընտրված երգերը համաձայնեցված են հանճարեղ մաեստրոյի հետ»,- ասաց պարուսույցը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն իր հերթին չբացառեց, որ «Լա Բոհեմը» հնարավոր է ներկայացնել նաև արտերկրում և վստահություն հայտնեց, որ այն հանրաճանաչ կլինի ոչ միայն Հայաստանում, այլ ամենուր, որտեղ սիրում են Ազնավուրի երաժշտությունը:
«Այս նախագիծն ինձ շատ է ոգեշնչում, քանի որ այն հետաքրքիր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար, որտեղ պաշտում են Ազնավուրի արվեստը: Նրա երգերը շատ սիրելի են և բոլորի շուրթերին են: Ռուդոլֆ Խառատյանի անհավանական տաղանդն ու շնորհը, իհարկե, համահունչ են այս ամենին: Նա ներկայացրել է բալետը Փարիզի խճանկարային պատկերներով և զգացմունքներով, որ առաջ է բերում այդ երաժշտությունը»,-ասել է Օրբելյանը:–0–