ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը, գրել է հանրաճանաչ ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակակիր Քրիս Բոխջալյանը:
Ավանդաբար ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ԱՄՆ-ի նախագահները կարեկցանքի և աջակցության խոսքերով դիմում են հայ ժողովրդին: Սակայն «ցեղասպանություն» տերմինն այդ ուղերձներում փոխարինվում է այլ բառերով` «ջարդ», «մեծ ողբերգություն»: Սպիտակ տան նախկին տերը` Բարաք Օբաման, ով մինչև ընտրվելը խոստացել էր պաշտոնապես ընդունել և դատապարտել Հայ ժողովրդի ցեղասպանությունը, մի քանի անգամ օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը:
«Այսօր` Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս ողբերգական տարելիցի հիշատակման համար ԱՄՆ նախագահը կգտնի «ցեղասպանություն» բառի ևս մի մեղմասություն, քանի որ Միացյալ նահանգներում չեն ցանկանում է դիմակայել Թուրքիային` կատարվածի համար նրանց մեղադրելով», նշվում է Բոխջալյանի հոդվածում:
Նա ընդգծել է, որ ամերիկյան Կոնգրեսը ևս դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում