ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատողները հայտնաբերել են մի խումբ նարկոդիլերների, ովքեր վաճառք էին իրականացնում սոցցանցերի միջոցով: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց վարչության ղեկավար Վարդան Վարդանյանը:
«Միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 600 գրամ հաշիշ և 20 գրամ MDMA (մեթիլենդիոքսիմետամֆետամին) տեսակի թմրանյութեր»,- ասաց նա, նշելով, որ խումբը բացահայտվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ արդյունավետ գործակցության արդյունքում:
Վարդանյանի խոսքով, 2018 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին մեծ թվով թմրանյութեր և հոգեմետ նյութեր են հայտնաբերվել փողտային ծանրոցներում:
«Մասնավորապես, ԱՄՆ-ից իրականացվել են էլեկտրոնային ծխախոտի հաշիշի յուղ պարունակող, իսկ Եվրոպայից` թմրանյութ և հոգեմետ նյութեր պարունակող հաբերի առաքման փորձեր: Ծանրոցներում հայտնաբերվել է ավելի քան 22 կգ բժշկական դեղամիջոցներ, որոնցից ավելի քան 3 հազար հաբերը պարունակել են թմրանյութեր և հոգեմետ նյութեր»,- ասաց նա:
Վարդանյանը միաժամանակ հիշեցրեց, որ փոստով ցանկացած դեղամիջոցների ուղարկելը կտրականապես արգելված է: Նա կոչ արեց Հայաստանի քաղաքացիներին հայտնել այդ մասին արտերկրում բնակվող հարազատներին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում