ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» ստեղծման վերաբերյալ հայտարարությամբ, նշելով, որ Ռուսաստանը եղել է և կմնա Հայաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մեկը:
Նրա խոսքով, «Տաշիր» ընկերությունների խումբն արդեն երկար ժամանակ է` աջակցում է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը:
Ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար գերկարևոր է միջին և փոքր բիզնեսի ոլորտում գործակցությունը` Կարապետյանը նշել է, որ «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նպատակներից մեկն ուղղված կլինի երկու երկրների ձեռնարկատերերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը:
«Տվյալ Ասոցիացիայի ստեղծումը կօգնի միավորել գործընկերների ջանքերը առևտրային կապերը, կհանդիսանա ևս մեկ քայլ երկու երկրների գործարար ասպարեզում սերտ համագործակցության համար»,- «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը մեջբերում է Սամվել Կարապետյանի խոսքը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ հայազգի մի խումբ գործարարներ հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիա» կազմակերպությունը: Ասոցիացիայի հիմնադիրներից են` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, ԲԱԲ «Ֆորա բանկ» (ԲԸ) տնօրենների նախագահ Հայկ Իգնատյանը և «Լուդինգ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում