ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Վճռաբեկ դատարանն ընթերցեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վճիռը։
Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվեց ՀՀ ԱԺ 11 պատգամավորների ներկայացրած երաշխավորության հիման վրա։ Պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից 500 հազար դրամի գրավը վճարելուց հետո Սամվել Բաբայանն ազատ կարձակվի։
Նախքան վճռի կայացումը Նաիրա Զոհրաբյանն իր խմբակցության անունից վերահաստատեց երաշխավորության վերաբերյալ իրենց դիմումը, ինչից հետո դատարանը հեռացավ խորհրդակցության։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի համար
երաշխավորների թվում են` պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» դաշինք), Արամ Սարգսյանը («Ելք» դաշինք), Վահան Կարապետյանը («Ծառուկյան» դաշինք), Հրանտ Մադաթյանը («Ծառուկյան» դաշինք), Սերգեյ Բագրատյանը («Ծառուկյան» դաշինք), Արայիկ Աղաբաբյանը («Ծառուկյան» դաշինք), Արարատ Զուրաբյանը («Ծառուկյան» դաշինք), Վարդան Բոսթանջյանը («Ծառուկյան» դաշինք), Վահե Էնֆիաջյանը («Ծառուկյան» դաշինք), Տիգրան («Ծառուկյան» դաշինք) և Իվետա Տոնոյանը («Ծառուկյան» դաշինք)։
2017 թ.–ի մարտի 22–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնաբերել էր «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր։ Զենքի ապօրինի ներկրման և պահելու փաստով հարուցվել էր քրեական գործ։ Հանցագործությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էր երեք քաղաքացի, այդ թվում` Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Հաղորդվել է նաև, որ ԱԱԾ–ն տեղեկություններ է ստացել Վրաստանից «Իգլայի» ապօրինի ներկրման մասին։
Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ.–ի նոյեմբերի նիստում Սամվել Բաբայանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ -0-