ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը պարզաբանել է Հայաստանի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելու պատճառները։
Ավելի վաղ գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը կանչվել է հարցաքննության պետգնումների և բանակաշինության ոլորտներում 2014-2017թվականներին խախտումների գործով։ Հայկական մամուլի գրում էր, որ ինքը` Սեյրան Օհանյանը, տեղյակ չէ, որ կանչվել է հարցաքննության։
«Հայաստանի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին ծանուցում է ուղարկվել հունիսի 12–ին և, ամենայն հավանականությամբ, հունիսի 13–ի դրությամբ, նա այն դեռ չի ստացել։ Բայց կոնկրետ օր ու ժամ է նշանակվել, երբ նա պետք է գա ՊԵԿ»,– կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Անանյանը։
Նա նաև պարզաբանել է այն պատճառները, որոնց համար Օհանյանը կանչվել է հարցաքննության։
«Այժմ գոյություն ունի կոնկրետ քրեական գործ, որը հարուցված է կոնկրետ կազմակերպության նկատմամբ։ Կան նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր կապված են այդ կազմակերպության հետ։ Եվ քանի որ գործում նշված իրադարձությունները կատարվել են Օհանյանի` ՊՆ–ի ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ, ապա, բնականաբար, նա հրավիրվել է հարցաքննության։ Նա, ի դեպ, միակ պաշտոնատար անձն է, ով հարցաքննվելու է»,– ասաց Անանյանը։
Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2008–ից 2016 թվականներին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում