ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկու ժամ տևած գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ պատգամավորներն ընտրեցին 11 մշտական հանձնաժողովների նախագահներին:
«Պատգամավորներից յուրաքանչուրը ստացել է 11 քվեաթերթիկ` մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անուններով: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր», - հայտնեց խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Այսպիսով, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` Ռուբեն Ռուբինյանը, կրթության գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ` Մխիթար Հայրապետյանը, եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ` Արման Եղոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ` Անդրանիկ Քոչարյանը:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Բաբկեն Թունյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ` Նաիրա Զոհրաբյանը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ` Միքայել Մելքումյանը, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ` Մանե Թանդիլյանը:-0-