ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կազմակերպել են ՁԻԱՀ–ով հիվանդ դատապարտյալի և մարմնավաճառի տեսակցությունը, հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը` հղում անելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության աշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումներին։
Դեպքը կատարվել է հոկտեմբերի 10–ին։
«ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ»,– ասվում է հաղորդման մեջ։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն (պաշտոնեական դիրքի չարաշահում) ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում