ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին: Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը բերման է ենթարկվել հուլիսի 2–ին ԱԱԾ–ի` միջոցների յուրացման և ծառայողական լիազորությունների չարաշահման վերաբերյալ օպերատիվ տվյալների հիման վրա։ Վարդանյանը խոստովանել է, որ, ունենալով հիմնադրամի կրեդիտ քարտ, որի վրա եղել է 25 մլն դրամ (մոտ 51,8 հազ դոլար), օգտագործել է այդ միջոցներն անձնական նպատակով, այդ թվում, տոկոսադրույքներ կատարելով խաղատանը։
«Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, չնայած կարծում եմ, իրադարձությունը, որը հանգեցրեց մեր այսօրվա հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ և կապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցող դեպքերի հետ: Իհարկե, մեզ համար շատ ցավալի է այն իրողությունը, որ հիմնադրամի տնօրենի կողմից տեղի է ունեցել անթույլատրելի արարք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այդ ամենի մասին տեղեկատվությունը ստանալով՝ մենք չէինք կարող այլ արձագանք ունենալ»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, իր կառավարության սկզբունքն է, որ օրինականությունը ՀՀ-ում պետք է լինի անառարկելի և այստեղ որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Загружается новость ... "Лево"
«Ընդհանրապես, հիմնադրամի շուրջ վերջին տարիներին ոչ կոնկրետ, որոշակի անվստահության ինչ-որ մթնոլորտ էր առաջացել, դա գուցե կապված էր նաև ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ ու այդպես շարունակ: Բայց ես հույս ունեմ, որ այս գործընթացների արդյունքում մենք կկարողանանք կոնկրետացնել մեր պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա անելիքների վերաբերյալ, ընդհանրապես նոր մոտեցումներ արձանագրել սփյուռքի և Հայաստանի հարաբերությունների, փոխգործակցության ձևերի, մակարդակի, իհարկե, հիմնադրամի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պետրոս Թերզյանն իր հերթին նշել է, որ իրենց համար մեծ ցնցում էր այդ լուրը, որովհետև հիմնադրամի պատմության մեջ նման բան չի եղել:
«Մենք գործել ենք հաստատակամությամբ, որ այն մաքուր մարմին է: Հսկայակական ծրագրեր են իրականացվել անցած 26 տարվա ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրվել՝ այս միջավայրում ապահովելու հիմնադրամի մաքուր գործունեությունը, ինչը դժվար էր: Կարծոււմ եմ՝ հաջողել ենք, մինչև այս դեպքի ի հայտ գալը»: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ՝ նվիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարևոր է ոչ միայն անցյալով, այլ նաև ապագայով, քանի որ ունենք մեծ անելիքներ ու ծրագրեր»,- ասել է Պետրոս Թերզյանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թ.–ին։ Հիմնադրամի հիմնական խնդիրն է կյանքի կոչել համազգային նախագծեր։ Հոգաբարձուների խորհրդի կազմում են ներառված հայկական սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներ։–0–