ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը վաճառքի է հանել գործարանի գույքը:
Այս մասին գրում է «168 ժամ» թերթը։
Ինչպես նշվում է գրառման մեջ, ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացվել է «Նաիրիտին» պատկանող գույքերի աճուրդը:
552 լոտերով վաճառքի են դրվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր (վենտիլների, փականների), քիմիական նյութեր, տարողություններ և այլն:
Խմբում ներառված լոտերի մեկնարկային գինն ընդհանուր կազմել է 621 մլն 300 հագար ՀՀ դրամ: Հաջորդ աճուրդը նախատեսվում է հունիսի 9-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նաիրիտում» սկսվել էր արագացված կարգով որոշ ապրանքների վաճառք, մասնավորապես, վաճառում էին օդի բաժանման տեղամասի 2 բլոկ կոմպրեսորով, որը նախատեսված է թթվածնով, ացետիլենով կաուչուկ արտադրելու համար։ Պարբերականը նշում է, որ դրա վաճառքի դեպքում ացետիլենով արտադրություն սկսելն այլևս անհնար կլինի:
«ՀՀ կառավարությունն այնքան սնանկ գտնվեց, որ չկարողացավ կամ չցանկացավ այսօր ևս Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ համարվող «Նաիրիտը» ոտքի կանգնեցնել, և այժմ ծվեն-ծվեն է արվում երբեմնի քիմիական հսկան»,– ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածի հեղինակները նշում են, որ աճուրդով և աճուրդից դուրս գույքի և հումքի վաճառքը գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն իրականացնում է շուկայականից խիստ ցածր գներով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում