ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գերագույն ղեկավարությունը չի հրաժարվել Լեհաստանի` սեպտեմբերի 1–ից Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80–ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների մասնակցության հրավերից, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները, հղում անելով 29–րդ Միջազգային տնտեսական համաժողովի կայքին, գրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80–րդ տարելիցի միջոցառումների պատվավոր հյուրերից մեկը։ Սակայն Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ Հայաստանը չի հաստատել իր մասնակցությունը, և լեհական կողմն իրազեկվել է այդ մասին։
«Այստեղ խոսք չի գնում հրավերից հրաժարվելու մասին։ Սա ինքնիշխանության դրսևորում է։
Վարչապետն ունի այցերի իր ծրագիրը, որը կատարվում է նույն կերպ, ինչպես և ներքին քաղաքականության գերակայությունները։ Եվ մենք այդպես ենք վարվել` ելնելով մեր ներքին և արտաքին օրակարգի գերակայությունների հարաբերակցությունից»,– ասաց Մնացականյանը։
ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ չի կարող նաև խոսք լինել Հայաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշման մասին այն կապակցությամբ, որ հիշատակի տարելիցի միջոցառումներին ներկա չի լինի նաև Ռուսաստանի և Բելառուսի գերագույն ղեկավարությունը։
«Սա սկզբունքային հարց է։ Մենք ներկայացնում ենք մի երկիր, որն անմիջական կապ է ունեցել Երկրորդ աշխարհամարտի հետ։ Իմ կարծիքով` չարժե հիշեցնել այդ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության մասին։ Մեր պապերը կռվել են խորհրդային բանակում նացիզմի դեմ։ Մենք ոչ միայն հերոսներ, գեներալներ, մարշալներ, այլ նաև հսկայական զոհեր ենք տվել հանուն ընդհանուր հաղթանակի, երբ մյուս ժողովուրդների հետ պաշտպանել ենք մեր ընդհանուր մեծ հայրենիքը»,– ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով, սա շատ զգայուն հարց է Հայաստանի համար։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում