ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հղիության արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում վերջին 15 տարիներին նվազել է ավելի քան 4 անգամ, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանության բաժնի պետ Գայանե Ավագյանը։
«Եթե 2000 թվականին մեկ կնոջը բաժին էր ընկնում 2.6 աբորտ, ապա 2015 թվականին այդ թիվը նվազել է մինչև 0.6, այսինքն, աբորտների թիվը կրճատվել է ավելի քան չորս անգամ»,– ավելացրեց Ավագյանը։
Հայաստանում վերջին երեք տարիներին կրճատվել է նաև պտղի սեռով պայմանավորված (սելեկտիվ) աբորտների թիվը։
«2016 թվականին Հայաստանը որոշել է փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում, որոնք արգելում են սելեկտիվ աբորտները։ Այդ փոփոխություններն արդյունքներ են տվել։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2016 թվականին երկրում 100 նորածին աղջիկներին բաժին էր ընկնում 112 տղա, մինչդեռ 2000 թվականին նորածին տղաների թիվը հասնում էր 120–ի»,– ասաց Ավագյանը։
ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի (UNFPA) ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն իր հերթին ավելացրեց, որ սելեկտիվ աբորտների նվազման գլխավոր պատճառը տվյալ հարցի կարևորության հանրային գիտակցումն ու կարծրատիպերից ազատվելն է։
«Արդեն երրորդ տարի անընդմեջ դրական դինամիկա է նկատվում նորածին աղջիկների և տղաների թվի միջև։ Մեր հետազոտությունների համաձայն, 2013 թվականին Հայաստանում 100 նորածին աղջիկներին բաժին էր ընկնում 114 տղա։ Սա, անկասկած, հաջողություն է»,– ասաց նա։
Հայրապետյանի խոսքով, մեկ ամսից պատրաստ կլինեն հիմնադրամի հերթական ուսումնասիրության արդյունքները, որոնք թույլ կտան համեմատել 2011 թվականի արդյունքները 2016 թվականի ցուցանիշների հետ։ -0-