ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. IDeA հիմնադրամը ստեղծում է նոր՝ Climate Uturn բնապահպանական հարթակ, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հարթակի առաջնահերթություններն են անտառային ֆոնդի վերականգնումը, էներգիայի խնայողությունը, թափոնների առաջացման կանխարգելումը, էկոլոգիական չափանիշների ձևավորումը:
Հաստատուն էկո-համակարգը երկրի հաջողակ զարգացման ռազմավարական կարևորագույն բաղադրիչ է: ՀՀ-ում տաղանդավոր մարդկանց պահելու և նորերին ներգրավելու միակ լուծումը ժամանակակից, հարմարավետ պայմանների ստեղծումն է: Դա առողջ շրջակա միջավայրն է, ինքնադրսևորման առավելագույն հնարավորությունները, բարձրակարգ կրթությունն ու առողջապահությունը:
Համակարգային փոփոխություններ հնարավոր են միայն երկրի համալիր հետևողական զարգացման ընթացքում, հետևաբար IDeA-ն իրականացնում է խարսխային նախագծեր, որոնք փոխկապակցված և դրական փոփոխությունների շղթա են կազմում: Այս ամենը պահանջում է ապահով հենարան՝ հարթակ: Բոլոր նախագծերի հիմքում միմյանց փոխկապակցված մի քանի հարթակներ են. օրինակ՝ «Ավրորա» նախաձեռնությունն իրականացվում է հումանիտար հարթակի վրա, UWC Dilijan-ը՝ կրթական: Գործում են նաև տեխնոլոգիական, առողջապահական, ֆինանսական, զբոսաշրջային և քաղաքաշինական հարթակներ: Ինչպես մյուսները, այնպես էլ բնապահպանական հարթակը, IDeA հիմնադրամը սկսում է որպես երկարաժամկետ նախաձեռնություն և դիտարկում ենք այն երկրի զարգացման 30-ամյա ծրագրի շրջանակում:
Այսօր ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ մոլորակը կանգնած է կլիմայական լուրջ մարտահրավերների առաջ, որոնք անխուսափելիորեն ազդելու են մեր կյանքի որակի վրա: Կարծես, ինչ-որ մի պահ մարդկությունն իր զարգացման ընթացքում շեղվել է բնության հետ ներդաշնակ լինելուց և հիմա անհրաժեշտ է շրջադարձ կատարել: Այդ պատճառով էլ IDeA հիմնադրամն ստեղծում է Climate Uturn (u-turn- թարգմ.՝ շրջադարձ) բնապահպանական հարթակը՝ մոլորակի հանդեպ մեր վերաբերմունքն ու վարքագիծը փոխելու նախագծերով:
«Սա IDeA հիմնադրամի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է՝ երկրի համալիր զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում:»,- նշում է IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Պաղճյանը:
Climate Uturn բնապահպանական հարթակի ղեկավար Դիանա Բադեյանն իր հերթին նշել է. «Մենք համոզված ենք, որ ապագան մեզնից է կախված: Մեր ամենօրյա գործողությունների գրեթե 50 տոկոսը մենք կատարում ենք անգիտակցորեն: Ներդնելով «կանաչ» սովորություններ՝ մենք պլանավորում ենք մարդկանք ներգրավել խմբային գործողությունների կայուն մոդելներում, որոնք կարող են դրական ազդել շրջակա միջավայրի վրա»:
«Մենք կկենտրոնանանք Հայաստանի համար կարեւոր երեք ուղղությունների վրա՝ թափոնների գոյացման կանխարգելում, անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն, փորձելով միասնական, ամենօրյա գործողությունների շնորհիվ արձանագրել արագ արդյունք»: Նախատեսվում է նաև Հայաստանում սպառվող ապրանքնների և ծառայությունների էկոլոգիական չափանիշների ձևավորումը:
IDeA հիմնադրամն ունի ենթակառուցվածքների ստեղծման եւ վերականգնման երկար տարիների փորձ, որոնք բարելավում են համայնքային կյանքը, սակայն շրջակա միջավայրի խնդիրները չափազանց մեծ են, որ լուծվեն միայն մեկ նախաձեռնությամբ: Այժմ, Climate Uturn-ի թիմը վարում է ակտիվ բանակցություններ միջազգային և տեղական գործընկերների հետ: Շուտով կսկվսի կամավորների հայտագրումը, որոնք կլինեն նախաձեռնության հիմնական շարժիչ ուժը:
IDeA հիմնադրամն իր գործընկերների հետ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին կյանքի է կոչել «Համաշխարհային մաքրության օրը» փորձառական նախագիծը՝ ներգրավելով ավելի քան 10 հազար կամավորներ: Ավելի վաղ Հիմնադրամը նախաձեռնել է «Տաթևը» ազգային պարկ ճանաչելու ծրագիրը՝ տնկելով ավելի քան 1000 ծառ, կազմակերպել է թափոնների հավաքում Տաթև և Հալիձոր գյուղերում, տեղադրել է էներգիա խնայող փողոցային լուսավորություն Տանձատափ գյուղում: Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում տնկել է ավելի քան 240000 տարբեր բույսեր և 550 ծառեր, Եվրամիության հետ համատեղ հիմնվել են 11 արահետներ՝ Դիլիջանի ազգային պարկում: Դիլիջանի UWC դպրոցն ստացել է միջազգային կանաչ BREEAM հավաստագիր և Green Roof Leadership Award մրցանակը կանաչ տանիքների համար:
Հիմնադրամից նշում են, որ այս տարի Climate Uturn-ի մասշտաբային միջոցառումները կանցկացվեն աշնանը, սակայն ակտիվ գործունեությունն սկսվում է այժմ, որին կարելի է հետևել շարժման Ֆեյսբուքյան էջում՝
https://www.facebook.com/climateuturn: -0-