ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին ըստ էության նվիրված «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենայից, հայտնում է
armtimes.com-ը:
Ինչպես հայտնում է կայքը, նախարարը երթևեկում է «Toyota camry»-ով: Իսկ «Volksvagen touareg»-ն Աշոտյանը նվեր էր ստացել կրթության ազգային ինստիտուտից նախարարական պորտֆել ստանալուց հետո: Այդ ամենում կոռուպցիոն ռիսկեր տեսնողներին Աշոտյանն ասաց, որ մեքենան ձեռք է բերվել ոչ թե պետական միջոցների, այլ Կրթության ազգային ինստիտուտի հաշվին, որը, շահույթ ունենալով, գնել է այդ մեքենան և նվիրել նվիրել կրթության և գիտության նախարարությանը, հետևաբար, այն ոչ մեկի սեփականությունը չէ, այլ պետական է:
Իսկ Լևոն Մկրտչյանն այդ ավտոմեքենայից չօգտվելու վերաբերյալ հարցին պատասխանել է, որ Արմեն Աշոտյանին տրամադրված ավտոմեքենան «մենք կպահենք նախարարության տրամադրության տակ, և դա երևի մեկ այլ պաշտոնյայի կսպասարկի, իսկ «Toyota camry» տիպի մեքենան, որը նախատեսված է նախարարների համար և որը արդեն կա կրթության և գիտության նախարարությունում, ես կվերցնեմ որպես իմ ծառայողական մեքենա»:
Նախարարն ավելացրել է, որ գերատեսչության ղեկավարների ծառայողական մեքենաների մակնիշները սահմանված են օրենսդրությամբ:
«Այս «Toyota camry»-ից նախկին աշխատակազմի ղեկավարն է օգտվել, համարանիշը դեռ աշխատակազմինն է, սպասում ենք իրավաբանորեն ձևակերպումներ անենք, որպեսզի վերադարձվի նախարարին»,- ասել է Մկրտչյանը:-0-