ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Հայկական ազգային ինստիտուտի Հայոց ցեղասպանության գրադարանն է բացվել Վաշինգտոնում։
Այսուհետ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանները և հետազոտողները հնարավորություն կունենան օգտվելու այս գրադարանում զետեղված մոտ 5000 հրատարակություններից, հայտնում է
amerikayidzayn.com–ը։
Ինչպես նշում է պարբերականը, սյստեղ ներկայացված են հայերեն և անգլերեն լեզուներով գրքեր, որոնք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ ցեղասպանության մասին:
Ինչպես նշել է Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը, Հայոց ցեղասպանության գրադարանն ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու միայն մի մասն է:
«Մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռք բերած արժեքավոր հավաքածուից»,-ասել է նա։
Հայկական ազգային ինստիտուտում տեղ են գտել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայություններից ոգեշնչված աշխատանքներ:
Գրադարանի բացման արարողությանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Նա ողջունել է գրադարանի ստեղծումն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարը:
Դեմոյանը կարևորել է Վաշինգտոնում հայկական տեղեկատու կենտրոն-գրադարանի բացումը, նշելով, որ այդպիսի գրադարանի բացումը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում արդեն իսկ լուրջ ձեռքբերում է։ Նրա խոսքով, կենտրոնը դառնալու է հանդիպումների և քննարկումների վայր, ինչպես նաև համադրված աշխատանքներ կազմակերպելու կենտրոն:
«Դա ավելին է քան գրադարանն և տեղեկատու կենտրոնը»,- ասել է Հայկ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-