ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի` Ադրբեջանի կողմից գնդակոծության տեսագրությունն է հայտնվել Համացանցում։
Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը։
Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը։
Загружается новость ... "Лево"
Ինչպես երևում է հեռուստաալիքի Facebook–ի էջում հրապարակած տեսանյութում, ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվում հայ լրագրողների ավտոմեքենայի ուղղությամբ։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ «Շանթի» օպերատորին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-