ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ամենանախընտրած զբոսաշրջային ուղղություն է ճանաչվել ռուսների համար Ամանորի տոներին, գրում է
«Իզվեստիա» թերթը:
Ռուսաստանում Ամանորի տոները կտևեն տասն օր` դեկտեմբերի 30-ից 2019 թվականի հունվարի 8-ը: Մարդիկ աշխատանքի դուրս կգան 2019 թվականի հունվարի 9-ից:
OZON.travel տուրգործակալության տվյալներով, այս տարի Հայաստան մեկնելու պահանջարկը 2017 թվականի համեմատ ավելացել է 76 տոկոսով: Պատճառը տոմսերի արժեքի նվազումն է 12 տոկոսով, ինչպես նաև երկրի ներսում համեմատաբար էժան ապրուստն ու ծառայությունները:
Երկրորդ տեղում Գերմանիան է: Այդ ուղղության պահանջարկը նույնպես աճել է 27 տոկոսով` տոմսերի արժեքի 6-տոկոսանոց կրճատման դեպքում: Առաջատարների եռյակը եզրափակում է Թաիլանդը, չնայած պահանջարկի 6-տոկոսանոց նվազմանը 2017 թվականի համեմատ:
Նախընտրելի ուղղությունների հնգյակում են նաև Չեխիան և Իտալիան, որտեղ պահանջարկն իջել է 26 տոկոսով, իսկ տոմսերը թանկացել են 6 տոկոսով: -0-