ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. The Culture Trip հայտնի կայքն ընդգրկել է Հայաստանն աշխարհի հնագույն երկրների և ազգերի տասնյակում։
Հոդվածի հեղինակը նշում է, որ հայերը, ինչպես և հրեաները, մեծ սփյուռք ունեն։ Բայց միաժամանակ հայերն արդեն ավելի քան 2600 տարվա երկիր ունեն, իսկ հայերի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են մեր թվարկությունից առաջ 6–րդ դարին։
«Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, հիմնվել է մ.թ.ա 782 թվականին։ Հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին, և Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են»,– նշվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակը գրում է, որ հայ և հրեա ժողովուրդները ևս մեկ ընդհանրություն ունեն` երկու ազգերն էլ ցեղասպանություն են վերապրել։
Բացի Հայաստանից, աշխարհի ամենահնագույն երկրների տասնյակում են նաև Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան–Մարինոն, Եթովպիան և Եգիպտոսը։
The Culture Trip կայքն ունի ավելի քան 5 մլն բաժանորդագիր և մոտ մեկուկես միլիոն Ինտերնետ–հետևորդ։ Այն ներկայացուցչություններ ունի Լոնդոնում, Նյու Յորքում և Թել Ավիվում։ -0-