ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի շնորհավորական ուղերձներ են հղել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին նրա ծննդյան օրվա առթիվ։
Հոգու և սրտի արվեստ
«Սիրելի Վարպետ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ինձ են միանում տիկինս և երեխաներս:
Գիտեք, որ մեծացել ենք Ձեր պոեզիայի ու երաժշտության ներքո, ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման: Պատանեկան հասակից Դուք ձևավորել եք մեր միտքն ու հոգին: Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան և ամեն ինչ, որ ֆրանսիական է»,– նշվում է նախագահի շնորհավորանքում։
Սարգսյանի խոսքով, այն արվեստը, որն այսօր էլ Վարպետը շարունակում է ստեղծել որպես հոգու և սրտի համադրություն, ունկնդրի համար դռներ է բացում դեպի մի աշխարհ, որտեղ հայտնվող հանդիսատեսն այլևս չի ցանկանում հեռանալ ազնավուրյան գերող մթնոլորտից ու միջավայրից:
«Անձամբ եմ այդպիսի զգացողություն ունեցել Ձեր համերգների և Ձեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում»,– ընդգծել է նա։
Նախագահը նշել է, որ Ազնավուրն իր ստեղծագործական երկարակեցությամբ կենսասիրության և լավատեսության ուղենիշ է միլիոնավոր մարդկանց համար:
«Դուք նրանց ներշնչում եք հույս եւ հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներեւակայելի մեծ առաքելություն է, եւ ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգեւել մարդկությանը»,– նշել է Սարգսյանը։
Նախագահն Ազնավուրին մաղթել է շուտափույթ կազդուրում և վերադարձ բեմ: «Թող ստեղծագործական եռանդն ու ոգևորությունն այսուհետ ևս լինեն Ձեր մշտական ուղեկիցները»,– նշվում է ուղերձում։
Տաղանդի, կամքի և աշխատասիրության օրինակ
«Սիրելի՛ Շառլ Ազնավուր, մեր ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ձեր կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են, որը ոգեշնչել և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց՝ ամբողջ աշխարհում»– նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
Փաշինյանի խոսքով, Հայաստանի կյանքում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների այս ժամանակահատվածում Մաեստրոյի կյանքի ու գործունեության պատմությունն առավել քան օրինակելի է, որովհետև ապացուցում է, որ մարդկային կամքն ու հետևողականությունը չեն ճանաչում արգելքներ, և ցանկացած նպատակ հասանելի է, եթե կա երազանք, վստահություն, համբերություն և հավատ:
«Հենց այսպիսի հատկանիշների շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին: Եվ մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում: Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք և համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է և կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը»,– ասվում է կառավարության ղեկավարի շնորհավորական ուղերձում։
Փաշինյանն Ազբնավուրին քաջառողջություն և անսպառ եռանդ է մաղթել։
«Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացրել և ջերմացնում են բոլորիս»,– եզրափակել է նա։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում