ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Sanitek ընկերությունը նախազգուշացնում է մատուցվող ծառայությունների վատթարացման մասին։
«Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը»,– ասվում է ընկերության տարածած հաղորդման մեջ։
Նշվում է նաև, որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն դրամ (շուրջ 630 հազ դոլար)։
«Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,– ասվում է հաղորդման մեջ։
Արդեն մի քանի ամիս է` երևանցիները վրդովմունք են հայտնում քաղաքում աղբի մեծ կուտակումների կապակցությամբ և դժգոհում են համապատասխան ծառայությունների, մասնավորապես, աղբահանության օպերատոր Sanitek ընկերությունից։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հրապարակայնորեն իր դժգոհությունն է հայտնել Sanitek ընկերության աշխատանքից, ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն կարող հանդուրժել այս որակի աշխատանքը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում