ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ըստ կատարված կանխատեսումների, նախօրեի ցերեկը մի շարք մարզերում գրանցվել է դրական ջերմաստիճան:
Այս մասին Faceook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում +17, բոլոր լեռնային մարզերում 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմասռիճան +1, Երևանի բարձրադիր գոտում մինչև +5»,- նշվում է նրա հրապարակման մեջ:
Սուրենյանի խոսքով, Արարատյան դաշտում բացառիկ երևույթ է դիտվել, երբ տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն: Դրա արդյունքում էլ օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում:
Ըստ մասնագետի, նմանատիպ երևույթ օդերևութաբանության դիտարկումների արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում