ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավագանին չորեքշաբթի նիստին լարված մթնոլորտում քննարկեց «Լույս» խմբակցության նախաձեռնությունը` ներառել «սուրբ» ածականը Երևանի որոշ կենտրոնական փողոցների անվանումներում, որոնք կրում են հայտնի հայ սրբերի անունները:
Մասնավորապես, «սուրբ» բառն առաջարկվում էր ավելացնել Մեսրոպ Մաշտոցի պողոտայի, Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի փողոցների անվանումներում: Քննարկման արդյունքում, Ավագանին որոշեց ավելացնել «սուրբ» բառը միայն Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանմանը:
«Սրբության» նախաձեռնությունը փողոցների անվանումներում
Ինչպես նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, նախաձեռնությունը միտված է հասարակության հոգևոր վերածննդին և բարոյականության բարձրացմանը:
«Առկա անվանումներին «սուրբ» ածականի ավելացումը կընդգծի այն փաստը, որ Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչը կբարձրացնի երկրի զբոսաշրջային գրավչությունը», - նշեց նա:
Ըստ նրա, փողոցների անվանափոխումը չի ենթադրում լրացուցիչ ծախս կամ փոփոխություններ իրավական ակտերում:
«Անձամբ կդիմեմ եկեղեցուն, եթե անհրաժեշտ լինի ֆինանսական աջակցություն հին ցուցանակների փոխարինման համար: Քաղաքացիները նաև չեն ունենա խնդիրներ` կապված փաստաթղթերի հետ, քանի որ որոշման ընդունումից հետո բոլոր համապատասխան պետական կառույցները կիրազեկվեն և անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան տեղեկանք», - ասաց նա:
Թեժ քննարկումներ
Նախագծի քննարկումն ընթանում էր բավականին լարված մթնոլորտում։ «Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց քննարկումներում նշեցին, որ որոշումը պարտավորեցնում է վերանայել նաև այն փողոցների անունները, որոնք կապված են Հայոց ցեղասպանության զոհերի հետ, քանի որ 2015թ.–ին նրանք սրբադասվել են Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։
Այսպես, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանը նշեց, որ գործող օրենսդրության մեջ կան լուրջ բացթողումներ փողոցների, համայնքների և աշխարհագրական անունների անվանափոխության հարցում և հույս հայտնեց, որ ԱԺ–ում կներառվի համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնություն։
Քվեարկություն
Երևանի Ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովն այս նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն` հիմնավորելով, որ այսօր փողոցների անվանափոխության անհրաժեշտություն չկա, քանի որ այս հարցի շուրջ չկա ընդհանուր հայեցակարգ։
Մաշտոցի պողոտային «Սուրբ» բառն ավելացնելուն կողմ է քվեարկել Ավագանու 49 անդամներից 13–ը, ձեռնպահ է մնացել 25–ը։ Մովսես Խորենացու փողոցի անվանափոխությանը կողմ է քվեարկել 51 անդամներից 16–ը, ձեռնպահ է մնացել 21–ը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քվեարկության ընթացքում ձեռնպահ է մնացել։ Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանափոխությանը կողմ է քվեարկել 49 անդամներից 30–ը։–0–