ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ–ից նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանում։
Загружается новость ... "Лево"
Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է հաստատել ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը
«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայում ՌԴ իրավապահների կողմից։ Նա ձերբակալվել է» – տեղեկացրեց Օհանջանյանը։
Օհանջանյանը նաև նշեց, որ Պողոսյանի արտահանձնման հարցը պրոցեսի մեջ է։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։–0–