ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՔԿ–ն հերքում է քննչականում քաղաքացուն ծեծելու մասին Hraparak.am–ի տեղեկատվությունը։
«Hraparak.am» կայքում հունիսի 21-ին հրապարակվել է «Քննիչներն ինձ ծեծում էին ձեռքերով և բանալիներով. քաղաքացին պնդում է, որ քննչականում ծեծի է ենթարկվել» վերտառությամբ հոդվածը, որտեղ ասվում է, որ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 3 քննիչ ծեծի են ենթարկել, վիրավորել քաղաքացի Նարեկ Շահբազյանին։
«Կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ մատնանշված ենթադրյալ գողության տվյալ դեպքի առթիվ մինչդատական վարույթ չի իրականացվում, Նարեկ Շահբազյան անվամբ անձ բերման չի ենթարկվել քննչական բաժին և չի հարցաքննվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–