ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում անցկացվող ասուլիսի ընթացքում մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԱԾ–ի Facebook–յան էջում Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ հրաժարական է ներկայացրել։
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, 1–2 օրվա ընթացքում կստորագրվի։ Եվ դա տեղի է ունեցել կարելի է ասել մի քանի քննարկումների արդյունքում ԱԱԾ տնօրենի և փոխադարձ համաձայնությամբ։ Եվ պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել, և այդ սցենարները կքննարկվեն հընթացս։ Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Загружается новость ... "Лево"
Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը խնդրեց վարչապետին մեկնաբանել Վանեցյանի հրաժարականի տեքստի հետևյալ հատվածը. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտք»:
Հարցին`սա, արդյո՞ք, Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ քննադատություն չէ, վարչապետը պատասխանեց. «Ինքը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունները: Ես սովորաբար արձագանքում եմ էն հայտարարություններին, որ անձամբ կարդացել եմ: Կկարդամ, կծանոթանամ, և եթե հարկ լինի հավելյալ մեկնաբանություններ անել, կանեմ այդ մեկնաբանությունը»:
Ադրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնին հավակնողներ թեկնածուների մասին հարցին` Փաշինյանը նշեց. «Կան թեկնածուներ, կքննարկեմ այդ թեկնածությունները, որոշում կկայացնեմ»:–0–