ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է օմիկրոն շտամով հիվանդացության կտրուկ աճ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում:
«Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում է 5-6 տոկոսի սահմաններում, այսինքն՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման: Սա միակ ուրախալի լուրն է այս ընթացքում, սրան են նպաստում ինչպես պատվաստվածների արդեն մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ արդեն առկա է հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման պլանը:
«Այս պահին մենք այն դեռ ամբողջովին չենք գործարկել, դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս վեց բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ: Ըստ կարիքի, կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»,- ընդգծեց նախարարը:
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճ։
Հայաստանում հունվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2 556 նոր դեպք (նախօրեին գրանցվել էր 1 931), կատարվել է 7 407 թեստավորում, առողջացել է 264 մարդ, 2 մարդ մահացել է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում