ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրք«երը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։
«Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–