435.71
4.38
404.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության 101-ամյակը

10:00
28 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այսօր տոնում է Առաջին Հանրապետության 101-ամյակը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին: Այն ժողովրդավարական, խորհրդարանական մոդելի հանրապետություն էր, որը ստեղծվել է Ռուսական կայսրության փլուզման արդյունքում՝ Անդրկովկասյան սեյմի կազմալուծումից հետո: Հռչակման պահին Հանրապետության տարածքը 12 հազար քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար, 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հազար քառ. կմ. և  961,7 հազար մարդ: Մայրաքաղաքը Երևանն էր:

Ռուսաստանյան հեղափոխության արդյունքում Անդրկովկասում հայության համար ստեղծվել էին ռագմաքաղաքական անբա­րենպաստ պայմաններ: Բրեստ – Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին Օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918-ի հունվարին խախտում է Երզնկայի զինադադարը և վերսկսում ռազմական գործողությունները: Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրացական և ադրբեջանական քաղաքական ուժերը սկսում են երկրամասը Ռուսաստանից անջատելու գործընթացը ՝ կազմավորելով Անդրկովկասի Սեյմը (խորհրդարանական հանրապետությունը), որը 1918-ի ապրիլի 22-ին հռչակել է Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության անկախությունը:

Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից ավելի անկաշկանդ է դարձնում թուրքերի նվաճողական ձեռնարկումները: Հայրենիքի պաշտպանության գործն ստանձնում է Արամ Մանուկյանը, որը 1917-ի վերջից գլխավորում էր Երևանի ազգային խորհուրդը: Արամը ստանում է դիկտատորի լայն լիազորություններ` իր ձեռքում կենտրոնացնելով Երևանի նահանգի ռազմական և վարչական իշխանությունը:

Մայիսյան հերոսամարտ

1918-ի գարնանը թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճում է թուրք – հայկականի: Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրավում են Ալեքսանդրապոլը (ներկայիս Գյումրի) և սկսում նախապատրաստվել Երևանի գրավմանը:

Մայրաքաղաքի պաշտպանությունը հանձնարարվում է գեներալ Մովսես Սիլիկյանին: Նա կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին անվտանգությունն ապահովելու նպատակով առաջարկում է հեռանալ Սևանի ուղղությամ: Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռանում Սբ Էջմիածնից, այլև կարգադրում է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում` ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով: 

Մայիսի 22-ին հայկական զորքը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ, սկսում է Սարդարապատի (ներկայիս Արմավիր) ուղղությամբ լայնածավալ հակահարձակողական գործողություններ։ Սարդարապատի ճակատամարտի օրերին (մայիսի 21-29) թշնամին տալիս է 3500 սպանված և նահանջում մոտ 60 կմ: Բաշ Ապարանի ճակատում ջախջախվում է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվուն ծանր հրետանին:

Մայիսյան հերոսամարտերը ձախողում են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը:

Անկախության հռչակումը և Հանրապետության կազմավորումը

1918-ի մայիսի 26-ին Անդրկովկասի Սեյմի վերջին նիստը որոշում է կազմալուծել Անդրկովկասի դաշնությունը և վայր է դնում լիազորությունները: Նույն օրը Վրաց ազգային խորհուրդը Վրաստանը հռչակում է անկախ պետություն:

Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվում է հաշտության պայմանագիր, ըստ որի Հայաստանին մնում է ընդամենը 12 հազար քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտավայրի մի մասը: Այն իր ուժը պահպանում է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը` 1918-ի նոյեմբերը:

1918-ի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակում է բարձրագույն գործադիր իշխանության կազմը`Կառավարության նախագահ է նշանակվում Հովհաննես Քաջազնունին: Կարճ ժամանակահատվածում ստեղծվում է նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն: Ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին`Հայաստանի խորհուրդը, որն իր առաջին նիստը գումարում է 1918-ի օգոստոսի 1-ին Երևանում:

1919-ի դեկտեմբերի 26-ին հայերենը ճանաչվում է պետական լեզու, իսկ կրոնն անջատվում է պետությունից: Խորհրդարանը 1920-ին ընդունում է նաև ՀՀ պետական խորհրդանիշները`դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դառնում ե նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ:

1920-ի ամռանը ՀՀ տարածքը բաժանվում է 4 նահանգի` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի:

Ստեղծված աշխարհաքաղական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը: 1917-ի վերջին և 1918-ի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվում է. 1918-ի սեպտեմբերին կազմավորվում է դիվիզիա` գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ: 1919-ի ապրիլի 25-ին ստեղծվում է զինվորական խորհուրդ`գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ: Կարսում ստեղծվում է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվում են Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը: 1920-ի սեպտեմբերին Սևանա լճում ջրարկվում է «Աշոտ Երկաթ» ռազմանավը:

1919-ի մայիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920-ի հունիսի 2- ին` «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները:

Հասարակական-քաղաքական կյանքը

ՀՀ հասարակական– քաղաքական դաշտում գործում է 8 կուսակցություն: Քաղաքական կուսակցություններից ազգաբնակչության շրջանում մեծ վստահություն է վայելում ՀՅԴ-ն, որը հիմնական կառավարող կուսակցությունն էր հանրապետության ողջ գոյության ընթացքում: Որոշակի խավերի վստահությունն են վայելել Հայ ժողովրդական, սոցիալիստ-հեղափոխականների, Սոցիալ-դեմոկրատների (մենշևիկ, բոլշևիկ), Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունները, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայկական կազմակերպությունը (սպեցիֆիկներ): Արևմտահայ գաղթականության շրջանում մեծ էր նաև Արևմտահայ ազգային խորհրդի հեղինակությունը: Հայ բոլշևիկները 1919-ի ստեղծել են կենտրոնական ղեկավար մարմին` Արմենկոմ (Հայաստանի կոմիտե):

Հանրապետությունում քաղաքական իրավիճակն ավելի է բարդանում բոլշևիկների Մայիսյան ապստամբության (1920) հետևանքով: Օգտվելով Ադրբեջանի խորհրդայնացումից՝ բոլշևիկները ցույցեր են սկսում կառավարության շենքի դիմաց: Ալեքսանդրապոլում բոլշևիկների կողմն է անցնում «Վարդան զորավար» զրահագնացքի անձնակազմը, իսկ մայիսի 7-ին կազմվում է ապստամբության ղեկավար մարմին` Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ): Ապստամբությունն ընդգրկում է Կարսը, Սարիղամիշը, Նոր Բայազետը, Ղազախ- Շամշադինը, Զանգեզուրը: ՀՌՀԿ-ն իշխանությունն իր ձեռքում է պահում ընդամենը մի քանի օր:

Ծանր էր նաև երկրի տնտեսական վիճակը: Արդյունաբերության անկման և ներմուծման բացակայության պայմաններում առաջացել էր առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ պակաս, իսկ դրա հետևանքով` գների աներևակայելի աճ, ֆինանսական համակարգը քայքայվել էր: Նույն վիճակում էր նաև գյուղատնտեսությունը: 1918-ի վերջերից վրա հասած սովի, սառնամանիքների, համաճարակների հետևանքով 6 ամսվա ընթացքում մահացել է մոտ 180 հազար մարդ` հիմնականում գաղթականներ:

1919-ի հունվարին իշխանություններն օգնության խնդրանքով դիմում են դաշնակից պետություններին: Հայաստանին մեծ օգնություն է ցույց տվել Մերձավոր Արևելքի օգնության Ամերիկյան կոմիտեն :

Պետությունը կազմակերպում է նաև կրթության գործը: 1920-ի մարտին եկեղեցական ծխական դպրոցները պետականացվում են, սահմանվում է 6-ամյա կրթություն: 1919-ի վերջերին հանրապետությունում գործել է 20 միջնակարգ և 431 տարրական դպրոց: Հիմնվել են նաև մասնագիտական դպրոցներ. Դիլիջանում ու Նոր Բայազետում (ներլայիս Գավառ)` գյուղատնտեսական, իսկ Ալեքսանդրապոլում` տեխնիկական միջնակարգ դպրոց: 1920-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվել է պետական համալսարանը, որը հունիսին տեղափոխվել է Երևան: 1919-ի հուլիսի 4-ին Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել պետական հանրային մատենադարան (գրադարան) հիմնելու մասին:

Արտաքին հարաբերություններ

Հայաստանի Հանրապետությունն առաջին միջպետական կապերը հաստատել է Քառյակ միության երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) և անմիջական հարևանների հետ: Ըստ Բաթումի պայմանագրի (1918-ի հունիսի 4)` Հայաստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ Օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ:

Մուդրոսի զինադադարով (1918-ի հոկտեմբերի. 30) իր պարտությունը ճանաչած Օսմանյան կայսրությունը պարտավորվել է զորքերը հետ քաշել մինչև 1914-ի ռուս – թուրքական սահմանը: Թուրքական զորքերի հեռանալուց մի քանի ամիս անց բրիտանական զինվորական հրամանատարության օժանդակությամբ ՀՀ կազմի մեջ են մտել Նախիջևանի երկրամասը և Կարսի մարզի մեծ մասը:

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ է բացել 40-ից ավելի երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Իտալիա, Բուլղարիա, Հաբեշստան, Ֆինլանդիա, Ճապոնիա, Շվեյցարիա, Իրան), ինչպես նաև հարաբերություններ հաստատել նախկին Ռուսական կայսրության տարածքում կազմավորված առանձին պետ. Կազմավորումների` Ուկրաինայի, Բեսարաբիայի, Թերեքի, Դոնի շրջանների, գեներալ-լեյտենանտ Անտոն Դենիկինի կամավոր, բանակի և Կուբանի ու Սիբիրի ծովակալ Ալեքսանդր Կոլչակի կառավարությունների հետ:

Իրանը հարևան երկրներից միակն էր, որի հետ ՀՀ կառավարությունը տարածքային և այլ կարգի վեճեր չի ունեցել և ձգտել է առևտրական ու դիվանագիտական սերտ կապեր պահպանել:

Հայ-վրացական հարաբերությունների ամենակնճռոտ խնդիրը հայկական Լոռի և Ջավախք գավառների հիմնահարցերն էին, որոնք Ռուսական կայսրության վարչատարածքային բաժանումների հետևանքով հայտնվել էին Թիֆլիսի նահանգի սահմաններում: 1918-ի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին թուրքական զորքերի հեռանալուց հետո Վրաստանի Հանրապետությունը ռազմակալում է այդ գավառները: Հայկական իշխանություններին չի հաջողվում խնդիրը լուծել խաղաղ, դիվանագիտական ճանապարհով: 1918-ի դեկտեմբերի հայկական կողմը ստիպված ուժ է գործադրում. սկսվում է հայ-վրացական. պատերազմ, որտեղ վրացական բանակը պարտություն է կրում: Մեծ Բրիտանիայի զինվորական հրամանատարության միջամտությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են, և 1919-ի հունվարի 9-17-ը Թիֆլիսում տեղի ունեցած խորհրդաժողովում Լոռին բաժանվում է 3 մասի` վրացական, հայկական և «չեզոք գոտու»:  Ալավերդու պղնձահանքերը հայտնվում են բրիտանական վարչական վերահսկողության տակ: 

Հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների կիզակետում Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի խնդիրներն էին: «Վիճելի» տարածքներին տիրանալու Ադրբեջանի Հանրապետության ձգտումը դարձել էր պետական քաղաքականության հիմնաքար:

Օգտվելով Բաթումի պայմանագրի դրույթներից` ադրբեջանական բանակը ռազմակալում է Շամշադինը, Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը: Ադրբեջանական կառավարությունը փորձում է Արցախի Հանրապետությունն անեքսիայի ենթարկել Օսմանյան թուրքիայի օգնությամբ,  սակայն արցախահայության 8 համագումարները չեն ճանաչում Ադրբեջանի իշխանությունը, իսկ տեղի հայկական ինքնապաշտպանության ուժերը պայքարի մեջ են մտնում մուսավաթական, ապա՝ բոլշևիկյան Ադրբեջանի ոտնձգությունների դեմ: 1919 թվականի օգոստոսի 13-ին հրավիրված Արցախահայերի 7-րդ համագումարն օգոստոսի 22-ին բրիտանական զինվորական հրամանատարության սպառնալիքների տակ համաձայնվում է ստորագրել համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջնական լուծումը Ղարաբաղն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք: 1920 թվականի փետրվարի 28-ից մարտի 4 տեղի ունեցած Արցախահայության 8-րդ համագումարը կրկին Արցախը հայտարարում է Ադրբեջանից անկախ:

1919-ի հունվարի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի նախաձեռնությամբ Փարիզյան խորհրդաժողովը որոշել է ընդունել Հայաստանն ազատագրելու և նրան հոգատար (մանդատատեր) նշանակելու առաջարկը: Հարցն ուսումնասիրելու համար 1919-ի սեպտեմբերի 25-ին Երևան է ժամանում ԱՄՆ-ի պատվիրակությունը`գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: 1920-ի ապրիլին Իտալիայի Սան Ռեմոյում որոշում է կայացվում Հայաստանի 2 մասերի միավորման վերաբերյալ: Ապրիլի 24-ին ԱՍՆ-ը փաստացի ճանաչում է Հայաստանի անկախությունը, սակայն 1920-ի հունիսի 1-ին Սենատի որոշմամբ (52 դեմ, 23 կողմ ձայներով) մերժվում է Հայաստանի հովանավորությունն ընդունելը: Որոշման համար բացասական դեր է խաղացել նաև Ջեյմս Հարբորդի պատվիրակության ներկայացրած եզրակացությունը` ավերակված ու օգտակար հանածոներով աղքատ Հայաստանին հովանավորելու անհեռանկարայնության մասին:

1920-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրներն ու Թուրքիան կնքում են հաշտության պայմանագիր, որի 89-93 հոդվածներն ամբողջովին վերաբերում են Հայաստանին: Վ. Վիլսոնի իրավարարությանն է հանձնվում սահմանների որոշումը ՀՀ-ի և Օսմանյան Թուրքիայի: Նոյեմբերի 22-ին նա հրապարակում է իրավարարի իր վճիռը, որով նշված նահանգներում Հայաստանն կունենար 161.330 քառ. կմ տարածք, ելք դեպի Սև ծով` Տրապիզոն նավահանգստով:

1920-ի մայիսի 28-ից հուլիսի 1 Մոսկվայում բանակցություններ էին ընթանում Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչման շուրջ: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն