ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Загружается новость ... "Лево"
«Սյունիքի մարզի հայ–ադրբեջանական սահմանի հատվածներում տեղակայվել են ՌԴ սահմանապահների դիտակետեր, որոնք աջակցում են, որպեսզի իրավիճակը լինի հանգիստ, կայուն։ Այո, քննարկվում է նման ներկայության ընդլայնման հնարավորությունը։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի` ելնելով Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շահերից», – նշել է դեսպանը, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Կոպիրկինը նշել է, որ ԼՂ–ում ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձի և հայ–ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպի հարցն առաջնահերթ է Ռուսաստանի ղեկավարության համար։
«Կարող եմ ասել, որ այդ հարցը ռուսական ղեկավարության և խաղաղապահ զորակազմի (Լեռնային Ղարաբաղում) հրամանատարության առաջնահերթություններից է։ Մեր դիրքորոշումը հայտնի է, այն արտահայտվել է սկզբից, որ պետք է լինի փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, բայց լուծելու ենք այնպես, ինչպես հնարավոր է։ Կրկնում եմ, որ դա մնում է հիմնական առաջնահերթություններից մեկը, աշխատանքը կշարունակվի», – նշել է դեսպանը։–0–