ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունն այսօր պարզաբանում է ներկայացրել նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի կապակցությամբ։
Մի քանի մարդատար մեքենաներ հետապնդել են նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, ինչից հետո փողոցներից մեկի խաչմերուկում նրանց հաջողվել է կանգնեցնել այն։ Մարդատար մեքենաներից դուրս եկածները պահանջել են բացել ավտոբուսի դռները և սկսել են հարվածել դռներին։
Ինչից հետո գործողությունները տեղափոխվել են ավտոբուսի սրահ, որտեղ հնչել են հայհոյանքներ և դրանք դադարեցնելու կոչեր, քանի որ «նկարում են»։
Загружается новость ... "Лево"
«Այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից», – նշվում է ոստիկանության պարզաբանման մեջ։
Գերատեսչությունից ընդգծել են, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը։
«Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։ Ավելացնենք նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,– նշվում է ոստիկանության պարզաբանման մեջ։
Միաժամանակ միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Պաշտպանության նախարարությունը` նշելով, որ զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է:
«Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում», – նշվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։–0–