ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Սանիտեկի» նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը` հրապարակելով լուսանկարներ։
Հրապարակման մեկնաբանության մեջ նախարարը մասնավորապես նշել է, որ սրանք «Սանիտեկ»ընկերության խոստացված մեքենաներն են, նոր հնարավոր օպերատորի խնդիրը կքննարկի նորընտիր ավագանին։
«Մեր խնդիրն այս պահին մայրաքաղաքում սանիտարահիգիենիկ բարվոք վիճակն ապահովելն է», – նշել է նախարարը։
Հուլիսի վերջից Երևանում նկատվում են աղբի հսկայական կուտակումներ, իսկ համապատասխան ծառայությունները նորմալ չեն աշխատում։ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ աղբահանության հետ կապված խնդիրները սաբոտաժ են և ունեն քաղաքական ենթատեքստ։
Սակայն «Սանիտեկ» ընկերությունը հերքեց այդ տեղեկությունները` նշելով, որ աղբահանությունը Երևանում միշտ իրականացվել և իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն, իսկ առկա բացթողումները ֆիքսվում են և միջոցներ են ձեռնարկում աղբահանության աշխատանքների արդյունավետության բարձրացման ու առկա խնդիրները շտկելու ուղղությամբ։–0–