ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Գևորգը Մոսկվայում ձեռք բերված թմրամիջոցը Երևան տեղափոխելու համար այն պահպանակի մեջ է փաթաթել ու կուլ է տվել, հաղորդում է
Pastinfo–ն։
Ըստ մեղադրանքի, Գևորգը 2017 թ.–ի մարտի 14–ին Երևան–Մոսկվա չվերթով մեկնել է Մոսկվա, որտեղ ձեռք է բերել «մեթադոն» տեսակի թմրամիջոց, որի մի մասը գործածել է, իսկ մյուս մասը՝ 2,237 գրամը, փաթաթել է պահպանակի մեջ, կպչուն ժապավենով ամրացրել և կուլ տվել:
Այնուհետև Մոսկվա–Երևան չվերթով վերադարձել է Երևան, մաքսային հսկողությունից թաքցնելով, մարմնում պահելով թմրամիջոցի նշված զանգվածը, տեղափոխել է Երևան, սակայն նույն օրը թմրանյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Մալաթիայի ոստիկանության բաժին:
Գևորգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) և 267.1-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 1-ին կետով (Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:–0–