ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված
չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
«Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:
Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:
«Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային քարտերով», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։–0–